Լուկաշևիչ. Մոսկվան անհանգստացած է ղարաբաղյան հակամարտության շուրջ իրադրության սրումից
«Շփման գծում և հայ-ադրբեջանական սահմանի վրա չափազանց դժվար իրավիճակ է տիրում: Նախկինի պես շատ են կրակի դադարեցման ռեժիմի խախտման դեպքերը, տեղի են ունեցել նաև մարտական բախումներ, ակտիվացել է դիվերսիոն խմբերի գործությունը», - նման հայտարարություն է արել ՌԴ արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշևիչը` Մոսկվայում կայացած ճեպազրույցի ընթացքում: Փոխանցում է «ՏԱՍՍ» գործակալությունը:
Լուկաշևիչը նշել է, որ ԵԱՀԿ մոնիտորինգային խմբի տեղեկություններով, որոնք հիմնված են պաշտոնական աղբյուրների վրա, միայն այս տարվա հունվարի ընթացքում հակամարտության գոտում մահացել է 12 մարդ, վիրավորվել է 18-ը:
«Հասկանալի է, որ զոհերի իրական թիվը կարող է ավելի շատ լինել», - ավելացրել է պաշտոնյան:
ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը նաև նշել է, որ օրերս Ադրբեջանի արտաքին գործերի նախարարի և Մինսկի խմբի համանախագահների հետ հադիպման ժամանակ ևս կողմերին կոչ արվեց հետևել հրադադարի պահպանման ռեժիմին: Վերջինիս փոխանցմամբ նույն խնդրին է անդրադարձ կատարվելու նաև Մյունխենում կայանալիք ՀՀ արտգործնախարարի և համանախագահների հանդիպման ժամանակ:
«Հաստատակամորեն կողմերին կոչ ենք անում գործուն քայլեր ձեռնարկել, որոնք ուղղված կլինեն լարվածության թուլացմանը, կոչ ենք անում խուսափել հակամարտության սրմանը տանող քայլերից»,- նշել է ՌԴ արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչը: