Նիդերլանդներից հարկադիր վերադարձող յուրաքանչյուր ՀՀ քաղաքացու կտրամադրի 1000 եվրո
ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության միգրացիոն պետական ծառայությունը մեկ տարվա ընթացքում Նիդերլանդներից հարկադիր վերադարձող յուրաքանչյուր ՀՀ քաղաքացու կտրամադրի առավելագույնը 1000 (մեկ հազար) եվրոյի աջակցություն: Այս մասին որոշումն ընդունվեց գործադիրի այսօրվա նիստում:
Նշենք, որ Միգրացիոն պետական ծառայության և Նիդերլանդների Թագավորության անվտանգության և արդարադատության նախարարության հայրենադարձության և մեկնման ծառայության միջև կնքված համաձայնագրի շրջանակներում տրամադրվող դրամաշնորհն օգտագործվելու է միայն Նիդերլանդներից հարկադիր վերադարձող Հայաստանի քաղաքացիներին:
Գումարը կտրամադրվի փոքր բիզնես սկսելու կամ աշխատաշուկա մուտք գործելու աջակցության, ուսումնական կամ մասնագիտական վերապատրաստման, սոցիալական, իրավական, բժշկական աջակցության, ժամանակավոր կացարանի տրամադրման, օդանավակայանում դիմավորման և անհատական այլ կարիքների համար:
Ծրագիրն իրականացնելու համար Նիդերլանդների Թագավորության անվտանգության և արդարադատության նախարարության հայրենադարձության և մեկնման ծառայության կողմից: 2015 թվականին Միգրացիոն պետական ծառայության դրամաշնորհային հաշվին փոխանցվելու է 57 մլն 896 հազ. դրամ: