Պեսկովը հաստատել է. Պուտինը կհանդիպի Օլանդին ու Մերկելին
Ռդ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հաստատել է լուրերն այն մասին, որ վաղը հանդիպելու են ՌԴ նախագահը, Ֆրանսիայի նախագահն ու Գերմանիայի կանցլերը: Բանակցությունները տեղի կունենան վաղը Մոսկվայում: Այս մասին գրում են ռուսական լրատվամիջոցները:
«Ես հաստատում եմ, որ վաղն իսկապես նախատեսված են Պուտինի, Օլանդի, Մերկելի բանակցությունները, որի ընթացքում պետությունների ղեկավարները քննարկելու են, թե ինչ կարող են անել այդ երեք պետությունները, որպեսզի օգնեն Ուկրաինայի հարավ-արևելքում տեղի ունեցող քաղաքացիական պատերազմի հնարավորինս շուտ դադարեցմանը, ինչը բազմաթիվ զոհերի պատճառ է դառնում»,-ասել է Պեսկովը:
Նշվում է, որ մինչ Մոսկվա մեկնելը Օլանդն ու Մերկելը կլինեն Կիևում, այստեղ բանակցություններ կունենան Պորոշենկոյի հետ, որպեսզի արտահերթ կերպով քննարկեն Դոնբասում տեղի ունեցող իրադարձությունների դադարեցման հնարավորությունները: