Ստամբուլի շինհրապարակում գտնվել է հայ վառոդապետ Սիմոն ամիրա Տատեանի շիրմաքարը
Վերջերս Ստամբուլի մի շինհրապարակում գտնված, Ստամբուլի ճարտարապետական դիմագծի կերտման գործում վիթխարի ներդրում ունեցած հայ ճարտարապետ Կարապետ Պալյանի` տարիներ ի վեր կորած համարվող գերեզմանաքարի հետ միասին հայտնաբերվել էին հայագիր այլ շիրմաքարեր ևս:
Թուրքիայում լույս տեսնող հայկական «Ակոս» թերթի տեղեկատվության համաձայն` կատարված ուսումնասիրության արդյունքում հաջողվել է պարզել, որ Պալյանի շիրմաքարի տակ գտնվող մինչև այդ անհայտ գերեզմանաքարը պատկանում է Օսմանյան կայսրության վառոդապետ, Յեշիլքյոյի հայկական եկեղեցու հիմնադիր Սիմոն ամիրա Տատեանին:
Շիրմաքարերն արդեն հանձնվել են Թուրքիայի Հնագիտության թարնգարանին` կատարվելիք ուսումնասիրություններից հետո հայկական համայնքին վերադարձվելու նպատակով: Հնագիտական թանգարանի ներկայացուցիչները հայտնել են, որ «Մշակութային անշարժ ժառանգություն» համարվող գերեզմանաքարերն ուսումնասիրվելու են մշակութային հուշարձանների «Պահպանության խորհրդի» կողմից: Արդյունքները կհրապարակվեն Ստամբուլի Մշակութային արժեքների պաշտպանության խորհրդի առաջին նիստում և խորհրդի որոշումից պարզ կլինի դրանց հետագա ճակատագիրը:
Դեռևս անհայտ է մնում նույն շինհրապարակում հայտնաբերված մյուս հայկական շիրմաքարերի ճակատագիրը: Նշյալ հուշարձանների` հայկական կողմին վերադարձնելու գործընթացին միացել են նաև «Հայկական ճարտարապետության և ինժեներների միություն»-ը (ՀայՃար) և Պոլսո Հայոց պատրիարքարանը: «ՀայՃար»-ի ճարտարապետների` առաջնորդարանում տեղի ունեցած նիստից հետո որոշում է ընդունվել հայկական գերեզմանաքարերը վերադարձնելու պահանջով դիմում հղել «Հուշարձանների խորհրդին»:
Նշվում է նաև, որ առավել նպատակահարմար է հայկական նշյալ հուշարձանները վերադարձնել Բեշիքթաշի Մարիամ Աստվածածին հայկական եկեղեցուն, քանի որ վերջինիս կից հայկական գերեզմանոցում են ժամանակին ամփոփվել վերոհիշյալ երկու անվանի հայերի աճյունները:
Պալյանի գերեզմանաքարի տակ հայտնաբերված մյուս քարի վրա բավական ընթեռնելի պահպանվել է «վառոդապետ» բառը և մահվան տարեթիվը` 1832թ. մարտի 12: Այս տվյալները, ըստ թուրք պատմաբան Էլմոն Հանչերի, բավական են համոզվելու համար, որ շիրմաքարը պատկանում է հենց Սիմոն ամիրա Տատեանին: Պատմաբանը նշել է նաև, որ և Պալյան և Տատեան ընտանիքները բավական անվանի են եղել և նրանց շիրմաքարերի գրությունները շատ գեղեցիկ գրերով են գրվել, ինչը վկայում է նրանց յուրահատուկ կարևորությունն իրենց ժամանակի իրականության մեջ:
Պալյանի և Տատեանի մարմիններն ամփոփող գերեզմանատունը 1887-ին Աբդուլհամիդ 2-րդ սուլթանի հրամանով վերածվել էր այգու, ինչի հետևանքով որպես գերեզմանոց այլևս լքվել էր: Իսկ 1950-ին ամբողջությամբ պետականացված գերեզմանատան տարածքում այսօր տարբեր շինություններ են գտնվում: