Հակառակորդը ողջ գիշեր կրակել է Տավուշի ուղղությամբ. խաղաղ բնակիչ է զոհվել
Ողջ գիշերվա ընթացքում տարբեր պարբերականությամբ հակառակորդի կողմից կրակոցներ են հնչել Տավուշի մարզի ուղղությամբ: Հայկական կողմից պատասխան կրակոցներ են եղել: Panorama.am-ի հետ զրույցում ասաց Հայաստանի պաշտպանության նախարարության մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:
Ադրբեջանի գնդակոծության հետևանքով մահացել է Ներքին Կարմիրաղբյուրի բնակիչ 61-ամյա Վանիկ Ղուկասյանը:
Հիշեցնենք, որ փետրվարի 4-ին ադրբեջանական դիպուկահարի կրակոցից Տավուշի մարզի Մովսես գյուղում վիրավորվել էր 85-ամյա Լևոն Անդրասյանը:
Հիշեցնենք, որ 2015 թ. հունվարի 2-ի լույս 3-ի գիշերը ՊԲ հակառակորդին դիմակայելու ընթացքում զոհվել են ՊԲ զինծառայողներ Կարեն Սամվելի Գրիգորյանը և Վարդան Մարտիկի Մկրտչյանը: Հունվարի 11-ին փոխհրաձգության ընթացքում զոհվել է նաև տարածքում գտնվող հովիվ Սերյոժա Նիկոլայի Սարգսյանը` ծնված 1935 թ: Հունվարի 17-ին հակառակորդի կրակից զոհվել է Տավուշի մարզի Ոսկեվան գյուղի բնակիչ, պայմանագրային զինծառայող Արման Ալիկի Հարությունյանը: Հունվարի 20-ին հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմի խախտման արդյունքում՝ ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում մահացու վիրավորվել է զինծառայող, 1995թ. ծնված Սուրեն Խաչիկի Փիլոսյանը: Հունվարի 20-ին լույս 21-ի գիշերը՝ ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում ծավալված մարտերի ժամանակ զոհվել է զինծառայող, 1982թ. ծնված Նահապետ Արտակի Ասատրյանը: Բերդի տարածաշրջանի սահմանագոտում ադրբեջանական դիպուկահարի գնդակից հունվարի 21-ին զոհվել էր պայմանագրային զինծառայող Արման Ռաշիդի Ուդումյանը: Փետրվարի 4-ի լույսի 5-ի գիշերն ՊԲ արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում մահացու հրազենային վիրավորում է ստացել զինծառայող, 1990թ. ծնված Շեքսպիր Մխիթարի Հակոբյանը: