Շուրջ 180 հազար ՀՀ քաղաքացի խախտել է ՌԴ օրենսդրական նորմերը
Վերջին երկու տարիներին Ռուսաստանի Դաշնության միգրացիոն օրենդրության մեջ մի շարք փոփոխություններ են կատարվել, որի նպատակն է` օրենսդրությունը խստացնելով պայքարել անկանոն միգրացիայի և ստվերային զբաղվածության դեմ: Այսպիսով, Ռուսաստանի միգրացիոն օրենսդրության և կիրառվող պրակտիկայում վերջին շրջանում տեղի ունեցած խստացումների արդյունքում, ՌԴ-ում որևէ խախտում կատարած օտարերկրացիների մուտքը այդ երկիր հետագայում արգելվում է:
Ինչպես այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության միգրացիոն պետական ծառայության պետ Գագիկ Եգանյանը, ռուսական աղբյուրների համաձայն, ներկայումս 3 մլն-ից ավելի անձինք հայտնվել են ՌԴ օրենսդրական նորմերը խախտողների թվում, որոնց նկատմամբ կիրառվելու է ՌԴ մուտքի արգելանք` մինչև 10 տարի ժամկետով:
Ըստ Գ.Եգանյանի` նույն աղբյուրների համաձայն ռիսկի խմբում գտնվող ՀՀ քաղաքացիների թիվը կազմում է շուրջ 180 հազար.
«Դրանք այն մարդիկ են, որոնք դեռ Ռուսաստանում են և արգելանքը նրանց մոտ կարող է ի հայտ գալ, երբ նրանք դուրս գան ՌԴ-ից: Այսօր արդեն իսկ 50-60.000 ՀՀ քաղաքացիներ հայտնվել են այդպիսի իրավիճակում, նրանք դուրս են եկել ՌԴ տարածքից` հիմնականում գտնվում են Հայաստանում և չեն կարողանում հետ վերադառնալ Ռուսաստան, քանի որ կամ խախտել են ՌԴ միգրացիոն օրենսդրության պահանջները, կամ վարչական իրավավախումներով նախատեսված արարքներ են թույլ տվել»:
Նրա խոսքերով` վերոհիշյալ անձանց խնդիրներին լուծում տալու նպատակով համաձայնություն է ձեռք բերվել ՀՀ ՏԿԱԻՆ Միգրացիոն պետական ծառայության և Ռուսաստանի դաշնային միգրացիոն ծառայության միջև, ըստ որի` ՌԴ մուտքի արգելքը բացելու վերաբերյալ ՀՀ քաղաքացիների դիմումները` կից փաստաթղթերի հետ միասին հավաքվում և փոխանցվում են ռուսական կողմին:
Նշված աշխատանքները, ըստ Եգանյանի, սկսվել են 2014թ. հունիսից: 2015 թվականի փետրվարի 6-ի դրությամբ ծառայությունում ստացվել է 4000-ից ավելի դիմում:
«Յուրաքանչյուր օր Միգրացիոն ծառայություն է դիմում 50-60 քաղաքացի, բացի այդ ստանում ենք դիմումներ նաև մարզպետարաններից»,- ասաց նա` հավելելով, որ ավելի քան 3600-ը ուղարկվել է Ռուսաստանի Դաշնային միգրացիոն ծառայություն, դրական պատասխան է ստացել դիմումների 22-23 %-ը:
Ինչ վերաբերում է բացասական պատասխան ստացած դիմումներին, Գ.Եգանյանն ասաց, որ ռուսական կողմը նշել է մի քանի պատճառ. նախ մերժում են այն անձանց դիմումները, որոնց վերաբերյալ կա դատական վճիռ և իրավասու չեն դա վերանայել կամ վերացնել: Նշվում է նաև, որ հիմքեր չեն տեսել տվյալ անձի արգելանքը հանելու համար:
«Լինում են նաև պատասխաններ, որ անձի վերաբերյալ արգելանքը դրված չէ ՌԴ միգրացիոն ծառայության կողմից», - ասաց Գ.Եգանյանը` հավելելով, որ բանակցում են ռուս գործընկերների հետ, որպեսզի դրական ելքով պատասխանների տոկոսն ավելանա:
Նշվեց նաև, որ «Եվրասիական տնտեսական միության մասին» պայմանագրով նախատեսված չեն դրույթներ, որոնք վերաբերում են միգրացիոն օրենսդրությունը խախտողներին:
Նախորդող հրապարակում`
ԵՏՄ անդամ երկրներում աշխատելու համար ՀՀ քաղաքացիներից չի պահանջվի թույլատվական բնույթի որևէ փաստաթուղթ