ԵՏՄ անդամ երկրներում աշխատելու համար ՀՀ քաղաքացիներից չի պահանջվի թույլատվական բնույթի որևէ փաստաթուղթ
2015թ. հունվարի 2-ից սկսած Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններում՝ Բելառուսում, Ղազախստանում և Ռուսաստանի Դաշնությունում աշխատելու համար ՀՀ քաղաքացիներից չի պահանջվում ունենալ թույլատվական բնույթի որևէ փաստաթուղթ, այդ թվում` պատենտ: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության միգրացիոն պետական ծառայության պետ Գագիկ Եգանյանը՝ ներկայացնելով ԵՏՄ անդամ պետությունների տարածքներում ՀՀ քաղաքացիների կողմից աշխատանքային գործունեություն ծավալելու կարգն ու պայմանները:
Գ.Եգանյանի խոսքերով՝ ԵՏՄ անդամ պետություններում օրինական աշխատելու և գտնվելու համար անհրաժեշտ է ունենալ գործատուի հետ կնքված աշխատանքային կամ քաղաքացիա-իրավական պայմանագիր: Ընդ որում` որպես գործատու կարող են հանդես գալ նաև ֆիզիկական անձինք:
Ծառայության պետը նշեց նաև, որ ԵՏՄ անդամ պետությունների տարածքում ՀՀ քաղաքացի աշխատանքային միգրանտների և նրանց ընտանիքների անդամների ժամանակավոր գտնվելու (բնակության) ժամկետը որոշվում է պայմանագրի գործողության ժամկետով: Ընդ որում՝ պայմանագրում նշված ժամանակահատվածում ինչպես աշխատանքային միգրանտը, այնպես էլ նրա ընտանիքի անդամները կարող են ցանկացած անգամ և ցանկացած ժամկետով դուրս գալ և կրկին վերադառնալ տվյալ երկիր:
Ինչ վերաբերում է Ռուսաստանի Դաշնության տարածքում միգրանտներից պահանջվող փաստաթղթերին, Գ.Եգանյանը նշեց, որ պայմանագրի հիման վրա աշխատող ՀՀ քաղաքացիներից չի պահանջվում ներկայացնել ռուսաց լեզվի, Ռուսաստանի պատմության և օրենսդրության հիմունքների իմացությունը հաստատող փաստաթղթեր, թմրամոլության և շրջապատի համար վտանգ ներկայացնող ինֆեկցիոն հիվանդությունների բացակայությունը հավաստող փաստաթղթեր, ՄԻԱՎ /ՁԻԱՎ-ի բացակայության վերաբերյալ հավաստագիր:
Բացի այդ, ՀՀ քաղաքացի աշխատանքային միգրանտը և նրա ընտանիքի անդամներն ազատվում են ԵՏՄ անդամ պետությունների լիազոր մարմիններում գրանցվելուց՝ պետության տարածք մուտք գործելու օրվանից 30 օրվա ընթացքում:
Գ.Եգանյանը նշեց նաև, որ ՌԴ տարածք մուտք գործելիս ՀՀ բոլոր քաղաքացիները պետք է լրացնեն միգրացիոն քարտ: Ընդ որում, աշխատելու նպատակով այդ երկիր մուտք գործող քաղաքացիները, միգրացիոն քարտի «այցի նպատակը» տողում պետք է պարտադիր նշեն «աշխատանք» բառը: Միգրացիոն քարտ լրացնելու պահանջից ազատվում են միայն այն քաղաքացիները, որոնց ՌԴ-ում գտնվելու ժամկետը չի գերազանցելու մուտք գործելու ամսաթվից սկսած 30-օրյա ժամկետը:
«Սա անհամեմատ ավելի դյուրին է, քան նոր պատենտ հանելը, այլ տուրքեր մուծելը և այլն»,- ասաց Գ.Եգանյանը: