ՀՀԿ գործադիր մարմինը կքննարկի և քաղաքական արձագանք կտա Ծառուկյանին. Tert.am
ԱԺ նախագահ, Հայաստանի Հանրապետական կուսակցության փոխնախագահ Գալուստ Սահակյանը Tert.am-ի հետ զրույցում անդրադարձել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության կազմակերպած ոչ իշխանական քաղաքական, հասարակական ուժերի խորհրդաժողովի ժամանակ կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի ելույթին։
- Պարո՛ն Սահակյան, ծանո՞թ եք արդյոք երեկ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի նախաձեռնությամբ կազմակերպված ոչ իշխանական քաղաքական և հասարակական ուժերի խորհրդաժողովում հնչած մտքերին: Ո՞րն է Ձեր արձագանքը:
-Այո՛, Գագիկ Ծառուկյանի ելույթին հասցրել եմ ծանոթանալ: Առաջին տպավորությունս այն է, որ, ինչպես հանրությանն է ներկայանում՝ «գործի մարդ» ԲՀԿ ղեկավարին հրամցրել էին շատ բառերով բեռնած, դժվարընթեռնելի մի նյութ, որի տրամաբանական կառուցվածքը կաղում էր, իսկ ներքին հակասությունները աղաղակող էին: Տպավորություն ստացա, որ մի քանի հոգի են աշխատել ու մեխանիկորեն կպցրել իրար: Օրինակ՝ նրանցից մեկը պնդում է, որ կիսապատերազմական պայմաններում, երբ սահմանի վրա ամեն օր կրակում են, երբ հակառակորդը սպառնում է նոր լայնամասշտաբ պատերազմով, չի կարելի երկրի կառավարման մոդելը փոխել: Մինչդեռ նույն ելույթում մի քանի տող վերև մյուս հեղինակը պնդում է, որ այսօր, նման իրավիճակում կարելի է ու պետք է գնալ խոշոր հանրահավաքների, հզոր հանրահավաքների և այլն: Նման խայտառակ հակասությունները զվարճալի կլինեին, եթե այսքան անտրամաբանական չլինեին:
Ամեն դեպքում այն, ինչ մնում է այդ ելույթը ավելորդ բառակույտից մաքրելուց հետո, բավականին մտահոգիչ է, առնվազն այն առումով, որ տպավորություն կա, որ չի էլ ընկալվում այդ մտահոգիչը, անգամ եթե նյութը բառացիորեն հեղեղված է գրագետ, կրթված, խորը և նոր արժեքներով մարդկանց կարևորելու մասին դրույթներով:
Ես կարծում եմ, որ մեր կուսակցության գործադիր մարմինն իր գալիք նիստերից մեկում կքննարկի Գագիկ Ծառուկյանի կողմից հնչեցված այդ մի քանի դրույթները և քաղաքական արձագանք կտա դրանց:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները