Հայաստանը աշխատանքային իրավունքի մասով ստանձնած պարտավորությունների զգալի մասը չի կատարել
Հայաստանում իրավիճակը չի համապատասխանում Եվրոպական սոցիալական խարտիայի աշխատանքային իրավունքի վերաբերյալ 17 դրույթներից 12-ի պահանջներին: Նման եզրակացություն է հրապարակել Եվրոպայի խորհուրդի Սոցիալական իրավունքի կոմիտեն:
ԵԽ Կոմիտեի հրապարակած եզրակացության մեջ նշվում է, որ Հայաստանը ստանձնած պարտավորությունների զգալի մասը չի իրականացրել: Այն ուշադրություն է հրավիրում գիշերային աշխատանքի ժամանակ հատուկ պայմանների ապահովմանը, ընտանիքի արժանապատիվ կենսամակարդակն ապահովելու համար վարձատրման իրավունքին և այն:
Կոմիտեի եզրակացության մեջ նշվում է, որ պետք է կանխել աշխատավայրում սեռական ոտնձգությունները, պետք է ձեռնարկել բոլոր միջոցները աշխատակիցներին նման վարքագծից պաշտպանելու համար: Եզրակացության մեջ մեկ առ մեկ նշվում է, թե ինչպես է Հայաստանը կատարում Խարտիայի 17 դրույթների պահանջները: Պարզվում է, որ միայն երկու պահանջ է բավարարում Հայաստանը՝ երկուսն էլ վճարովի արձակուրդի վերաբերյալ են:
17 դրույթներից 12-ին Հայաստանը չի համապատասխանում, իսկ երեքի՝ վտանգավոր աշխատանքի, կանանց ու տղամարդկանց միչև խտրականության, կոլեկտիվ գործարքներ կնքելու հարցերին Կոմիտեն չի անդրադարձել տեղեկությունների բացակայության պատճառով:
Հայաստանի կառավարությանը հորդորել է դրանց վերաբերյալ տվյալներ ներկայացնել հաջորդ զեկույցում:
Նշենք, որ Հայաստանը Խարտիան վավերացրել է 2004-ի հունվարին: Խարտիային մասնակից պետություններն ամեն տարի ներկայացնում են զեկույցներ փաստաթղթի պահանջների կատարման վերաբերյալ, ուսումնասիրելով տեղեկությունները, Կոմիտեն եզրակացություն է հրապարակում այն մասին, թե ինչքանով է այս կամ այն երկիրը համապատասխանում դրանց:
Հայաստանի կողմից ներկայացված հաշվետվությունն ընդգրկում է տվյալներ 2009 թ. հունվարի 1-ից մինչև 2012 թ. դեկտեմբերի 31-ը: Զեկույցում անդրադարձ է կատարվում աշխատանքային պայմաններին, արդար վարձատրությանը, կոլեկտիվ բանակցություններ վարելուն, որոշումների կայացման ու աշխատանքային պայմանների բարելավման գործին մասնակից լինելուն և այլն:
Այսպիսով, Կոմիտեն Հայաստանի վերաբերյալ նշում է աշխատանքային օրվա տևողությունը, որը երբեմն կարող է հասնել 24 ժամի, շաբաթական հանգստի տևողությունը, աշխատանքային պայմանագրին իրազեկ լինելու իրավունքը, ազատման նպաստի տրամադրման, արհմիությունների անդամակցության, գործադուլների ու այլ իրավունքները, նշում է, որ այս հարցերի վերաբերյալ կան բացթողումներ ու Հայաստանը չի կատարել Խարտիայով ստանձնած պարտավորությունները:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները