Թանկյան. Փոփոխություն չի լինի մինչև կառավարությունները չհամաձայնվեն
2014 թվականի նոյեմբերին System of a Down խումբը հայտարարեց համաշխարհային շրջագայության մասին: Wake up the souls շրջագայությունը մեկնարկելու է ապրիլի 6-ից Լոս Անջելեսից և ավարտվելու է ապրիլի 23-ին Երևանում` Հանրապետության հրապարակում: Այս կապակցությամբ «Ասպարեզ» պարբերականը հարցազրույց է վերցրել խմբի անդամ Սերժ Թանկյանից:
«Գաղափարը նախկին Soul շրջագայության շարունակությունն է և նվիրված է Հայոց ցեղասպանության հարյուրամյակին: Այս շրջագայության նպատակն է բարձրացնել Ցեղասպանության մասին իրազեկությունը և արդարության աղբյուր լինել: Այս ամենն ուղեկցվում է օնլայն արշավով: Մեր պաշտոնական կայքում տեղադրված է քարտեզ, որը ցույց է տալիս այն երկրները, որոնք ճանաչել են Հայոց Ցեղասպանությունը: Այն կապակցված է Twitter-ի հաշիվների հետ, որին կարող են միանալ բոլոր ցանկացողները»,-ասել է Թանկյանը` նշելով, որ վերջին շրջանում փոփոխություններ են նկատվում թուրք հասարակության շրջանում` կապված Հայոց ցեղասպանության հետ:
«Մենք տեղեկացված ենք, որ մի քանի շաբաթ առաջ Թուրքիայի խորհրդարանի քուրդ կին անդամը բանաձև էր ներկայացրել, որով կոչ էր արվում ճանաչել նախկինում գործած բոլոր հանցագործությունները: Հնարավոր է, որ այդ բանաձևը չընդունվի, սակայն այն ներկայացնելն արդեն լավ նշան է: Project 2015 կազմակերպությունը փորձում է մարդկանց խրախուսել 2015 թվականին գնալ Ստամբուլ: Կարծում եմ շատ հետաքրքիր է հետ վերադառնալ այնտեղ, որտեղից այն սկսվել է»,-ասել է Թանկյանը Թուրքիայի ակտիվության մասին:
Ռոք երգչի խոսքով, Ցեղասպանությունը հումանիտար հարց է:
«Սա ժողովուրդների կամ մշակույթների միջև հարց չէ: Մենք տեսնում ենք, որ այն տեղի է ունենում և շարունակվելու է, թեև գոյություն ունեն դրանք կանխարգելող ՄԱԿ կոմիտեներ: Փոփոխություն չենք տեսնի մինչև երկրների կառավարությունները չհամաձայնվեն, որ ցեղասպանության հարցում սեղանին ուրիշ բան չի կարող լինել»,-նշել է նա:
Թանկյանը հիշերցրել է, որ ԱՄՆ-ն պաշտոնապես ճանաչել է Ցեղասպանությունը` նշելով 1970-ականների և 1980-ականներին Կոնգրեսի ընդունած մի քանի բանաձևերը և նախկին նախագահ Ռոնալդ Ռեյգանի պաշտոնական հայտարարությունը:
Հարցազրույցի ընթացքում Թանկյանը խոսել է նաև «1915» ֆիլմի մասին, որի գաղափարն է կյանքի վերադարձնել մոռացված ցեղասպանության ուրվականներին: Ֆիլմի երաժշտության հեղինակը Սերժ Թանկյանն է:
«Կարծում եմ «1915»-ը իսկապես հետաքրքիր, եզակի դրամա է, որը ներկայացնում է եզակի թեմա»,-նշել է երաժիշտը: