Ավետիսյանների իրավահաջորդների շահերը ներկայացնող փաստաբանը միջնորդություններ է ներկայացնելու
Գյումրի քաղաքում Ավետիսյանների ընտանիքի յոթ անդամի սպանության գործով տուժողի իրավահաջորդներ Լուսինե Ավետիսյանի և Եգոր Ադամյանի շահերը ներկայացնող փաստաբան Երեմ Սարգսյանը պատրաստվում է քննչական մարմնին մի քանի միջնորդություններ ներկայացնել:
«Այն նյութերը, որոնք օրենքի սահմանված կարգով թույլատրելի է, ծանոթացել ենք, դրանց հիման վրա նաև որոշակի միջնորդություններ ենք նախապատրաստել, որոնք պետք է ներկայացնենք քննչական մարմնին: Այս միջնորդությունները վերաբերում են գործի մի շարք էական հանգամանքներին, որոնց պարզաբանման համար որոշակի գործողություններ պետք է կատարվեն: Միջնորդությունները կհամաձայնեցնեմ վստահորդներիս հետ, կներկայացնեմ»,- Panorama.am-ի հետ զրույցում ասաց փաստաբան Երեմ Սարգսյանը:
Նա նշեց, որ միջնորդությունները նաև վերաբերելու են կոնկրետ մի քանի հնարավոր վարկածների. «Վարկածները շատ են: Հիմնականում ինձ հարցնում են՝ հնարավ՞որ է, որ մարդասպանը մենակ չի եղել: Այս վարկածը միանշանակ պետք է և նախաքննական մարմինը ստուգի, քննարկի, և մենք էլ պետք է աչալուրջ փորձենք այդ վարկածի բացառումը կամ հաստատումն ունենք: Դրան ուղղված կոնկրետ միջնորդություններ կան, որոնք պետք է ներկայացնենք»:
Փաստաբանը նշեց, որ միջնորդություններն ուղղված են գործի լրիվությանը, բազմակողմանիությանը, պետք է որ բավարարվեն ու կատարվեն. «Չի բացառվում, որ միջնորդություններով առաջարկվող գործողությունների մի մասը նույնիսկ կատարված լինեն, բայց գոնե կիմանանք, որ կատարված են ու ավելի հանգիստ կլինենք»:
Ինչ վերաբերում է նախաքննությանը, փաստաբանի խոսքով, քանի որ այս պահին գործի նյութերին ամբողջական ծավալով ծանոթանալու իրավունք չունի, դրա համար չի կարող կոնկերտ գնահատական տալ՝ եղե՞լ են բացթողումներ, թե՞ ոչ: Այս հարցին ավելի խորությամբ տուժողի իրավահաջորդների ներկայացուցիչը կարող է պատասխանել նախաքննության ավարտից հետո, երբ որ ամբողջ ծավալով իր ձեռքի տակ կունենա գործը:
Ե. Սարգսյանը նաև ասաց, որ գործով նշանակված որոշ փորձաքննությունների եզրակացություններ արդեն կան, իսկ որոնք ծավալուն են, դեռ ոչ: Ըստ փաստաբանի, առաջիկա մեկ շաբաթվա ընթացքում մի քանի փորձաքննության եզրակացություններ նույնպես կլինեն:
Ինչ վերաբերում է ռուսական լրատվամիջոցների տարածած տեղեկատվությանը, թե «այն ամենը, ինչ որ մշակվել է հայ քննիչների կողմից, գործի նյութերի հետ համադրելու նպատակով փոխանցվելու է ռուսական կողմին», Ե. Սարգսյանն ասաց. «Այս պահին որևէ հիմք չունեմ մտածելու, որ գործը հանձնվելու է ռուսական կողմին: Իսկ թե ինչ կլինի հետագայում, չեմ կարող ասել: Այս փուլում Հայաստանի իրավապահ մարմինների կողմից քննվող գործի շրջաններում մասնակցություն ունենք, ընթացք կա, այսինքն այնպես չէ, որ հայ քննիչները գործ չեն անում»:
Նշենք, որ տուժողների մերձավոր ազգականներից 5 անձ ճանաչվել է տուժողի իրավահաջորդ: Նրանց շահերը պաշտպանում է նաև հանրային պաշտպան Թամարա Բաղդասարյանը:
Գյումրի քաղաքում Ավետիսյանների ընտանիքի յոթ անդամների սպանության առթիվ հարուցված քրեական գործով ՀՀ քննչական կոմիտեի քննիչները Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայի ժամկետային զինծառայող Վալերի Պերմյակովին մեղադրանք են առաջադրել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով՝ երկու և ավելի անձանց դիտավորյալ սպանության համար: Վալերի Պերմյակովն ընդունել է առաջադրված մեղադրանքը: Նրան մեղադրանք է առաջադրված նաև ՌԴ Քրեական օրենսգրքի երկու հոդվածով՝ սպանություն և դասալքություն:
Նախորդող հրապարակումներ՝
ՀՀ քննչական կոմիտեի վարույթում Վալերի Պերմյակովի սակավատմության վերաբերյալ տվյալներ չկան
ՀՀ գլխավոր դատախազը դիմել է ՌԴ գլխավոր դատախազին
ՀՀ-ն ու ՌԴ-ն պայմանավորվել են Պերմյակովի նկատմամբ կայազորային ռազմական դատ անցկացնելու մասին
Երեմ Սարգսյանը ներկայացնելու է Գյումրիում սպանության գործով տուժողների իրավահաջորդների շահերը
Գյումրի քաղաքում Ավետիսյանների ընտանիքի յոթ անդամների սպանության գործով 5 անձ ճանաչվել է տուժողի իրավահաջորդ