Համանախագահները կոչ են անում վերսկսել բանակցությունները նախագահների միջև
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հայտարարություն են տարածել Մյունխենում ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ հանդիպումից հետո:
Համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Ջեյմս Ուորլիքը (ԱՄՆ) և Պիեռ Անդրիուն (Ֆրանսիա) արտահայտել են իրենց անհանգստությունը շփման գծի երկայնքով և Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին` ներառյալ քաղաքացիական տարածքներում, միջադեպերի աճի վերաբերալ:
«Մենք նախարարի հետ քննարկեցինք նաև այդպիսի միջադեպերի հավանականության նվազեցմանն ուղղված քայլերը: Մասնավորապես, կողմերի համար հրամայական է այնպիսի քայլեր կատարելը, որոնք կկանխեն նոյեմբերի 12-ին ուղղաթիռի խոցման միջադեպերի կրկնությունը:
Բռնությունն ու կողմերի միջև լարվածությունն ընդգծում են անհրաժեշտությունը հնարավորինս արագ սկսել բանակցությունները խնդրի տևական կարգավորմանը հասնելու նպատակով: Մենք նախարարին կոչ ենք արել ավելի մեծ ճկունություն ցուցաբերել, որպեսզի հնարավոր լինի նման բանակցություններ սկսել:
Մենք բարձրացրել ենք Կարմիրր խաչի միջազգային կոմիտեի միջոցով անհայտ կորածների վերաբերյալ տեղեկատվության փոխանակման առնչությամբ նախագահների պայմանավորվածության կատարման կարևորությունը: Տվյալների փոխանակումը կարող է լավ առիթ լինել կողմերի միջև վստահության մթնոլորտի ստեղծման համար և նպաստել կարգավորման գործընթացին:
Բացի այս, մենք կոչ ենք արել առաջին իսկ հնարավորության դեպքում վերսկսել նախագահների միջև երկխոսությունը: Համանախագահները կայցելեն տարածաշրջան այս ամսվա վերջին»: