Թուրքիայի արտգործնախարարը քննադատել է Էրդողանի հրավերին տրված Հայաստանի պատասխանը
Թուրքիայի արտագործնախարար Մևլութ Չավուշօղլուն լրագրողների հետ հանդիպմանը, ի թիվս այլ հարցերի, խոսել է Հայոց ցեղասպանության ճանաչման խնդրի և Չանաքքալեի (Դարդանել, Գալիպոլի) մարտերի 100 ամյակի տոնակատարությունների մասին: Արձագանքելով մասնավորապես Հայոց ցեղասպանության 100 ամյակի միջոցառումների առթիվ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի` Էրդողանին հղած հրավերի մասին հարցին` Չավուշօղլուն ասել է. «2015թ. լրանում է ոչ միայն այդ պնդումների, այլև Չանաքքալեի ճակատամարտի 100 ամյակը: Չանաքքալեում` ճակատային գծում, հայ զինվորները պայքար էին մղում շրջափակող ուժերի դեմ: Այդ ճակատամարտի 100 ամյակի առթիվ Հայաստան ուղարկված հրավերի պատասխանը դուրս է վարվելակարգի բոլոր սահմաններից»:
Ermenihaber.am-ը հղում անելով թուրքական «Հաբերլեր» լրատվականին գրում է, որ ցեղասպանության հիմնախնդիրը Չավուշօղլուն դիտարկել է մասնավորապես Թուրքիա - Գերմանիա հարաբերությունների շրջանակներում: Նա ընդգծել է, որ գերմանիացի իր պաշտոնակցի` Շթայնմայերի հետ հաճախակի հեռախոսազրույցներ է ունենում: Իր ողջ պաշտոնավարման ընթացքում առնվազն 6 անգամ հանդիպում է ունեցել նրա հետ, և փոխհարաբերությունները, ընդհանուր առմանբ, դրական են: Բայց այնուամենայնիվ, կան գերմանական պաշտոնական շրջանակների կողմից որոշ կոնկրետ հայանպաստ քայլեր, որոնք Թուրքիայի համար ուրախալի և ընդունելի չեն:
Չավուշօղլուն կրկին վկայակոչել է Հայոց ցեղասպանության խնդրի հանգուցալուծման համար պատմաբանների համատեղ հանձնաժողով ստեղծելու` վաղուց ի վեր թուրքական կողմից հնչող առաջարկը: Նա այս պնդումը հիմնավորել է այն հանգամանքով, որ նույնիսկ լավատեղյակ ու գիտակ քաղաքական գործիչների համար դժվար է դատողություններ անել պատմական փաստերի մասին, առավել ևս` որոշումներ կայացնել պատմական թեմաներով: Նախարարը շեշտել է, որ նման բան անձամբ զգացել է 1932-1933թթ., երբ Սովետմիությունում տիրող սովի մասին վերլուծություն է գրել: Ըստ նրա` այն ժամանակ նույն թեմայով իր հետ զեկույցներ ներկայացնող պատմաբաններն անգամ միմյանց հակասող կարծիքներ էին հայտնում:
Չավուշօղլուն հիշեցրել է, որ նախկին վարչապետ Թայիփ Էրդողանը պատմաբանների հանձնաժողով ստեղծելու և արխիվները համատեղ ուսումնասիրելու մասին առաջարկով նամակ էր ուղարկել Հայաստանի իշխանություններին:
ԱԳ նախարարը ևս մեկ անգամ առաջարկել է, որպեսզի Հայստանում, Թուրքիայում և ցանկացած այլ երկրում` լինի դա ԱՄՆ, Ֆրանսիա, Գերմանիա, որոնց արխիվներում համապատասխան փաստաթղթեր կան, բոլոր արխիվները բացվեն: Թուրք, հայ և ցանկացած այլ երկրի պատմաբաններ թող ուսումնասիրեն այդ ամենը, դրանց հիման վրա եզրակացություններ անեն:
«Եկեք համատեղ հանձնաժողով ստեղծենք և ուսումնասիրություններ անենք: Մենք այս խնդրում վախենալու ոչինչ չունենք»,- ասել է Չավուշօղլուն: