«Խեղճ հայ նկարիչները, հանձինս ինձ, և ստեղծում ենք, և ցուցադրում ենք, ինքներս ուրախանում ենք»
Երևանի Ժամանակակից արվեստի թանգարանում փետրվարի 18-ին բացվելու է ՀՀ վաստակավոր նկարչուհի Աննա Հարությունյանի անհատական ցուցահանդեսը «Ու կյանքը սկսվեց…» խորագրով: Ցուցահանդեսի կուրատորն է Նյու Յորքի և Դուբայի բիենալեների տնօրեն Պիետրո Ֆրանեսին: Հենց նա էլ ընտրել է ցուցահանդեսում ներկայացվելիք 12 մոնումենտալ աշխատանքը, որոնք նույն գաղափարախոսության շրջանակում են: Ցուցահանդեսը իր ենթատեքստով նվիրվում է նաև Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին:
«Ցուցահանդեսը Նյու Յորքի և Դուբայի բիենալեների շրջանակում է անցկացվում: 2014 թվականին իմ հրավերով Երևան եկավ Պիետրո Ֆրանեսին՝ ընտրելու հայ նկարիչների բիենալեներում ներկայացնելու համար: Արդեն մի քանի ցուցահանդեսներ կազմակերպվել են, հետագայում դրանցում ներկայացված մի քանի գործեր կներկայացվեն Նյու Յորքի կամ Դուբայի բիենալեներում»,- Panorama.am-ի հետ զրույցում ասաց նկարչուհի Աննա Հարությունյանը:
Գերմանիայում կրթության ստացած, տարբեր երկրներում ցուցահանդեսների մասնակցած նկարչուհու դիտարկմամբ, հայ և եվրոպացի, ամերիկացի ժամանակակից նկարիչների ստեղծած աշխատանքներն իրենց գեղարվեստական որակով չեն զիջում իրար, սակայն կան որոշակի պահեր, որ պետք է կոնցեպտուալ առումով դեռ հասունանալ. «Այնտեղ մարդիկ այլ մտածելակերպ ունեն հատկապես արվեստի նկատմամբ, մեզ մոտ ուրիշ է, իսկ ստեղծագործողների մակարդակի առումով չենք զիջում: Պիետրո Ֆրանեսին զարմացած ու հիացած էր մեր նկարիչներով ու նրանց ստեղծած արվեստով: Ասում էր, որ Ամերիկայում և Եվրոպայում սպառված է արվեստը»:
Ըստ նրա, անհրաժեշտ է որպեսզի հայկական մշակույթը ճիշտ ներկայացվի ինչպես հենց Հայաստանում, այնպես էլ արտասահմանում: Արվեստագետը համոզված է, որ այդ դեպքում հայ նկարիչները բավականին լուրջ, մեծ հաջողություններ կունենան:
«Ուղղակի մեր խեղճ հայ նկարիչները, հանձինս ինձ, և ստեղծում ենք, և ցուցադրում ենք, ինքներս ուրախանում ենք: Մենք շուկա չունենք: Ունենք լավ նկարիչներ, որոնց պետք է տեր կանգնել: Մենք ունենք իրենց հետաքրքիր գաղափարներով աչքի ընկնող նկարիչներ, ուղղակի անհրաժեշտ է դուրս գալ համաշխարհային շուկա»,- ասաց Ա. Հարությունյանը:
Նրա խոսքով, համաշխարհային շուկա դուրս գալու համար աշխատանք պետք է կատարի արդեն պետությունը՝ ի դեմս մշակույթի նախարարության:
«Ես որպես անհատ որոշեցի նախաձեռնել այս ցուցահանդեսը, բայց ինչո՞ւ: Չէ՞ որ ունենք մշակույթի նախարարություն, որը պետք է զբաղվի այդ հարցով: Պասիվ է, չի աշխատում այն հնարավորությունների սահմաններում, որ ունի և օգտագործի հօգուտ մեր մշակույթի»,- ասաց նա՝ հավելելով, որ նույնիսկ կան մարդիկ, ովքեր ուզում են օգնել Հայաստանին՝ հայկական արվեստը դրսում ներկայացնելու համար, սակայն մշակույթի նախարարությունը չի արձագանքում, մարդիկ այդպես հիասթափվում են:
Նման պայմաններում, Ա. Հարությունյանի խոսքով, հայ արվեստագետներն ինտուզիազմով շարունակում են աշխատել հանուն իրենց երկրի:
«Հայ նկարիչները նրանով են տարբերվում, որ չեն ընկնում շուկայի հետևից, ամեն մեկն իր արվեստը, աշխարհն է ստեղծում: Ասում են ԱՄՆ-ում, Եվրոպայում սպառվել է արվեստը: Այո, այդպես է, որովհետև ընկած են ֆինանսի, շուկայի հետևից, ինչը մոդա է, դա են ստեղծում: Մեզ մոտ էլ 80 տոկոսն ընկած է մոդայի հետևից: Ցավալի է: Բայց, ընդհանուր առմամբ, մեր կորիզը, մեր ես-ն ունենք, ինչը կարող ենք պահպանել ու դրա վրա հենվելով՝ զարգացնել մեր արվեստը»,- ասաց նկարչուհի Աննա Հարությունյանը:
Աննա Հարությունյանը ծնվել է 1976 թ. Երևանում։ 1982 թ. ընդունվել է Գեղագիտական դաստիարակության կենտրոն։ Մշտապես մասնակցել է հանրապետական և միջազգային մանկական ցուցահանդեսներին։ Այդ նույն տարիներին սովորել և ավարտել է Հ. Կոջոյանի անվան նկարչական դպրոցը։ 1991 թ. ընդունվել է Փ. Թերլեմիզյանի անվան գեղարվեստի ուսումնարանը։ 1994 թ-ից եղել է Դուսելդորֆի գեղարվեստի ակադեմիայի ազատ ունկնդիր: 1997թ. ընդունվել է Գերմանիայի Դյուռեն քաղաքի Նորդ-Ռայն վեստֆալի Գեղարվեստի ակադեմիա՝ գեղանկարի բաժինը։ 1997թ. դարձել է Քյոլն քաղաքի նկարիչների միության անդամ, 1998թ.-ին՝ Գերմանիայի նկարիչների միության անդամ: 2000թ. դարձել է Հայաստանի նկարիչների միության անդամ։ 2000թ. ունեցել է անհատական ցուցահանդես Հայաստանի Նկարիչների միությունում:
1995-2010թթ. մասնակցել է մի շարք տարբեր միջազգային և հանրապետական խմբակային ցուցահանդեսներին: Աննա Հարությունյանի գործերը գտնվում են տարբեր երկրների թանգարաններում և անհատական հավաքածուներում: