Արաբ պատմաբանի վկայությունները` երիտթուրքերի կողմից հայերի կոտորածի մասին
Սիրիացի պատմաբան, իրավաբան, Արևմտյան Հայաստանի Խարբերդ գավառի կառավարիչ Ֆայեզ Ալ-Ղուսեյնը, ով 1915 թվականին վեց ամիս ծառայելով Դիարբեքիրում, ականատես է եղել Թուրքիայի իշխանությունների և քրդերի գործած վայրագություններին ու հակահայկական գործողություններին, այդ ամենը նկարագրել է «Ջարդերը Հայաստանի մեջ» գրքում: Այն 1917-1918 թվականներին թարգմանվել է ֆրանսերեն, անգլերեն և գերմաներեն, իսկ 1916 թվականին գրքի որոշ հատվածներ հրատարակվել են New York Times թերթում:
ԵՌԱԳՈՅՆ կայքը հայտնում է , որ Ալ-Ղուսեյնի աշխատությունը համարվում է ցեղասպանության վերաբերյալ առաջին փաստավավերագրական գիրքը:
Արաբ պատմաբանը նշել է, որ երբ պատերազմն ավարտվի, ընթերցողները կհամոզվեն, որ ինքը ճշմարտությունն է գրել, և որ այդ պատմությունը դժբախտ հայ ժողովրդի հանդեպ իրագործված չարագործությունների միայն մի փոքր մասն է:
«Հրապարակելով այս գիրքը` առաջին հերթին նպատակ ունեի հերքել այն բոլոր մեղադրանքները, որոնք կարող են առաջանալ իսլամի դեմ, և ապացուցել, որ հայերի դեմ իրականացված դաժանությունների միակ պատասխանատուն «Միություն և առաջադիմությունը» կոմիտեի անդամներն են, որոնք ցեղասպան մոլեռանդությամբ ղեկավարում էին երկիրը»,-գրել է պատմաբանը: