Թուրք լրագրող. «Էրդողանի և Դավութօղլուի միջև պատերազմ է սկսվել»
Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը (ԱԶԿ-AKP) հունիսին կայանալիք խորհրդարանական ընտրություններում պատգամավորի թեկնածու է առաջադրել Թուրքիայի ազգային հետախուզական ծառայության (MIT) արդեն նախկին ղեկավար Հաքան Ֆիդանին, որն օրեր առաջ հրաժարական էր դիմում էր ներկայացրել:
Անկարայի «Samanyolu Haber TV»-ի և համանուն լրատվական կայքի լրագրող Ահմեթ Դողանի բնութագրմամբ` սրանով
«պատերազմ է սկսվում Դավութօղլուի և Էրդողանի միջև»: Խնդիրն այն է, որ Էրդողանը դեմ է արտահայտվել Ֆիդանի թեկնածությանը: Սակայն Դավութօղլուն, լրագրողի պնդմամբ, Հաքան Ֆիդանի պատգամավորության թեկնածությունն առաջադրելով` պատասխանել է վերջերս ընդդիմադիրների կողմից իր հասցեին ուղղված «կամազուրկ վարչապետ» արտահայտությանը: Նման քայլով Դավութօղլուն ցանկացել է ընդգծել, որ «ինքը կարող է պատգամավոր դարձնել անգամ ազգային հետախուզական ծառայության ղեկավարին, նույնիսկ եթե Էրդողանը դեմ է դրան»:
Ֆիդանի թեկնածությանն Էրդողանի դեմ լինելու փաստը Անկարայում տարբեր խոսակցությունների տարածման առիթ է դարձել: Մասնավորապես երկու հիմնական թեզի շրջանառվում:
Առաջինը. «Եթե Հաքան Ֆիդանը դառնա պատգամավոր, իսկ Դավութօղլուն ամեն ինչ կանի , որպեսզի դա տեղի ունենա, ապա դա առաջին հարվածը կլինի Էրդողանի` կուսակցության միակ լիդերի կերպարին»:
Երկրորդը.« Եթե Հաքան Ֆիդանը դառնա պատգամավոր, նրա հաջորդ քայլերը կլինեն վարչապետի , իսկ այնուհետև նախագահի թեկնածությունները: Իսկ երբ Ֆիդանը վարչապետ դառնա, Դավութօղլուն էլ պիտի ձգտի նախահագության»:
Ենթադրվում է, որ հենց Դավութօղլուի այս հեռահար ծրագրերը կանխատեսելու պատճառով էլ Էրդողանը դեմ է եղել Ֆիդանի թեկնածության առաջադրմանն առաջիկա խորհրդարանական ընտրություններում:
Դողանը գալիս է այն եզրահանգման, որ այս ամենի հետևանքով այլևս անհավանական է, թե Էրդողանը այսուհետև կվստահի Դավութօղլուին: Այսպիսով, երկու բևեռի բաժանվող ԱԶԿ-ն առաջիկա ընտրություններում բախումներ կունենա ոչ այնքան և ոչ միայն ընդդիմության, որքան յուրայինների հետ սեփական կուսակցության ներսում: