«Հնարավոր սրացումների ողջ քաղաքական պատասխանատվությունը մնալու է անձամբ Գագիկ Ծառուկյանի վրա». Հովիկ Աբրահամյանի արձագանքը
«Կասեցում» նախաձեռնության ակտիվիստ, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ Արտակ Խաչատրյանի առևանգման և անհայտ անձանց կողմից ծեծի ենթարկվելու վերաբերյալ հայտարարություններին անդրադառնալով ՝ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը Tert.am –ի հետ զրույցում ասել է, որ ինքն ակնկալում է, որ Գագիկ Ծառուկյանն անձամբ պետք է հետևի իր քաղաքական կառույցից դուրս եկող հայտարարություններին, այլապես «դրանցում տեղ գտած էմոցիոնալ անհեթեթությունները մենք ստիպված պետք է ընկալենք որպես իր անձնական կարծիք»:
«Նախ մեր կուսակցությունը խստորեն դատապարտել է կատարված բռնությունը: Մենք դատապարտել ու դատապարտելու ենք հարցերը բռունցքով լուծելու ցանկացած փորձ: Սա միանշանակ է, և սրա վերաբերյալ ցանկացած շահարկում անձամբ ես համարում եմ քաղաքական թուլամորթություն, ում կողմից էլ որ այն արվի:
Սա մեկ: Երկրորդ՝ մենք ակնկալում ենք իրավապահների արդյունավետ ու համակողմանի աշխատանք: Ով էլ լինի միջադեպի պատվիրատուն կամ կազմակերպիչը, պետք է բացահայտվի և պատասխան տա օրենքի առաջ:
Երրորդ՝ ԲՀԿ-ի կողմից տարածված հայտարարությունը ես համարում եմ շտապողական և կոպիտ սխալ, որն ուղղակի անընդունելի է: Ես ակնկալում եմ, որ Գագիկ Ծառուկյանն անձամբ պետք է հետևի իր քաղաքական կառույցից դուրս եկող հայտարարություններին, կամ դրանցում տեղ գտած էմոցիոնալ անհեթեթությունները մենք ստիպված պետք է ընկալենք որպես իր անձնական կարծիք: Այդ դեպքում, նման անպատասխանատու հայտարարություններից բխող հնարավոր զարգացումների ու սրացումների ողջ քաղաքական պատասխանատվությունը մնալու է անձամբ Գագիկ Ծառուկյանի վրա»,-ասել է վարչապետը: