«il Giornale». «Թե ինչու պետք է այդ ողբերգությունը կոչել Ցեղասպանություն»
Իտալական առաջատար il Giornale պարբերականը Հայոց ցեղասպանությանը նվիրված ծավալուն հոդված է հրապարակել, որում նկարագրել է երիտթուրքերի իրագործած վայրագությունները հայ ժողովրդի նկատմամբ` շեշտադրելով, որ «երիտթուրքերի կողմից հռչակված ժողովրդավարության քամին երկար չփչեց»:
«Որքան սիրով են հիշել երկաթի և կրակի մեջ կորած իրենց հարազատների մասին ամեն մի մանրուք և որքան անդառնալի է նրանց հոգու տխությունը: Նրանք գիտեին, որ պաշտպանության որևէ միջոց չունեին, գիտեին, որ լքվածության և միայնակության սարսափը երբեք չի մոռացվելու, գիտեին, որ եթե նույնիսկ խոսեին, իրենց ոչ ոք չէր լսելու»,- գրում է պարբերականը` նկարագրելով կորուսյալ երկրի պատմությունը հիշող և աշխարհով մեկ սփռված հայերի հուշերն ու ցավը:
Այս համատեքստում պարբերականը ներկայացնում է Երվանդ պապի հիշողություններն իր մանկության մասին, թե ինչպես էր «Արտույտների ագարակում իր ընկերոջ` Հովհաննեսի հետ վազում մարգագետնիններում ու այգիներում և սայլից ձմերուկ թռցնում»:
Այնուհետև պարբերականը նկատում է, որ 1915 թվականին հայերն ընդմիշտ հեռացան այդ վայրերից, սակայն ոչ թե ինչ-որ բնական աղետի պատճառով, այլ իրենց համար ճակատագրական դարձած երիտթուրքերի որոշման արդյունքում, քանզի վերջիններս որոշել էին մեկընդմիշտ ձերբազատվել այլ ազգի ներկայացուցիչներից:
«Այն ժամանակ այդ պատմության մասին ամբողջ աշխարհը խոսեց, նույնիսկ իտալական մամուլը անդրադարձավ այդ դեպքերին: 1915-1916 թթ թերթերում բազմաթիվ լուրեր հրապարակվեցին հայերի կոտորածների մասին, ինչպես նաև հյուպատոսների, ճանապարհորդների, վաճառականների, ականատեսների նամակներ և զեկույցներ, որոնք մարդուն թույլ էին տալիս սեփական մաշկի վրա զգալ այդ բռնությունների ողջ սարսափը»,- գրում է պարբերականը:
Որպես ասվածի օրինակ, պարբերականը հիշատակում է Տրապիզոնում այն ժամանակ իտալական հյուպատոս Ջակկոմո Գորրինիի «Messaggero di Roma» հոգեցունց հարցազրույցը, որը ըստ պարբերականի, մինչ հիմա համարվում է այդ քաղաքում հայերի ոչնչացման ամենամանրամասն նկարագրությունը:
Այնուհետև պարբերականը հարցադրում է անում, թե ինչու է հայերի կոտորածը համարվում 20-րդ դարի առաջին Ցեղասպանությունը, ինչ ընդհանուր բան կա հրեաների Հոլոքոստի հետ, և որոնք են Հիտլերի, Էնվերի, Թալեաթի ու Ջեմալի ընդհանրությունները:
Այս համատեքստում պարբերականը նշում է, որ 1908 թ-ին երիտթուրքերի իշխանության գալով տեղի ունեցավ «օսմանյան գարուն», որն արթնացրեց թուրք երիտասարդության սրտերը, սակայն «երիտթուրքերի ժողովրդավարության քամի երկար չփչեց: Նրանց փոփոխություններին հավատացած հայերն ու հույները շուտով հասկացան, որ նոր ազգի մասին երիտթուրքերի երազներում հենց իրենց համար տեղ չի լինելու»:
Պարբերականը մեջբերում է թուրք պատմաբան Թաներ Աքչամի դիտարկումն այն մասին, որ «արյամբ թուրք գաղափարախոսությունն արդեն իսկ մշակված էր, սկսվեցին էթնիկական անմարդկային զտման համակարգված աշխատանքներ, իսկ որպեսզի այդ ամենը հաջողությամբ պսակվեր, մենք հարմար առիթ գտանք. Առաջին համաշխարհային պատերազմը»:
Այս առումով պարբերականը նկատում է, որ Առաջին համաշխարհայինի հետ միասին բարձրացավ նաև այսպես կոչված հայկական հարցը և օգտվելով այդ առիթից, իր ձեռքերին ազատություն տալով, Էնվեր փաշան սառնասրտորեն լուծեց «հայկական հարցը»:
«Ահա այստեղ է, որ տեսնում ենք այն հիմքերը, թե ինչու պետք է այդ ողբերգությունը կոչել Ցեղասպանություն: Դա սառնասրտորեն և համակարգված ձևով նախապատրաստված բնաջնջում էր, որի թիրախում էր մի ողջ ժողովուրդ առանց որևէ խտրականության` կին, երեխա, ծերունի, մանուկ: Նպատակը իր մայր հայրենիքից հինավուրց ժողովրդին բնաջնջելն էր և այն իրագործվեց: Այնտեղ բնակվող հայության երեք-քառորդը բնաջնջվեց, հազարավոր կանայք ու երեխաներ սովի մատնվեցին դեպի անապատ բռնի գաղթի ճամփին: Կիրառվեցին հերմետիկ ու խեղդող վագոններ, գազային խցիկներ ու սպանության ամենադաժան ձևերը: Հայերին ոչնչացնելու հենց այս մեթոդներն էլ հետագայում գործի դրվեցին հրեաների դեմ»,- գրում է պարբերականը:
Հղում անելով վերջին շրջանում հայտնաբերված արխիվային մի շարք փաստաթղթերի` պարբերականը նկատում է, որ անցալի հետ կապված հայերի և հրեաների ընդհանուր ճակատագիրն ավելի տեսանելի է դառնում:
«Ահա և 1915 թվականի ստվերը, չարիքի այն անդուդը, որից մենք փորձում ենք դուրս գալ: Ինչպես իր գոյատևմամբ հայկական սփյուռքն ապացուցեց` միշտ էլ հնարավոր է կատարել ապրելու համառ և համարձակ ընտրություն»,-եզրակացնում է պարբերականը: