Իրանի զինված ուժերը համալրվել են նոր սերնդի «Սաեղե 2» կործանիչներով
«Իրանի զինված ուժերը համալրվել են նոր սերնդի «Սաեղե 2» կործանիչներով»,-այդ մասին հաղորդում է իրանական «ԹԱՍՆԻՄ» լրատվական գործակալությունը:
Համաձայն հաղորդագրության՝ իսլամական հեղափոխության 36-րդ տարեդարձին նվիրված միջոցառումների շրջանակներում ԻԻՀ պաշտպանության և ԶՈւ աջակցման նախարարի տեղակալ Ամիր Խաթամիի և բանակի ռազմաօդային ուժերի հրամանատարի տեղեկալ, գեներալ Ալիռեզա Բարխորի մասնակցությամբ տեղի է ունեցել նոր սերնդի «Սաեղե 2» կործանիչի ներկայացման արարողությունը:
ԻԻՀ պաշտպանության և ԶՈւ աջակցման նախարարի տեղակալի տեղեկացմամբ՝ «Սաեղե 2» կործանիչը նախագծվել և արտադրվել է տեղացի մասնագետների կողմից:
«Սաեղե» (կայծակ) կործանիչը պաշտոնապես սկսվել է շահագործվել 2005թ,-ին: Կործանիչը փոքրիկ հրթիռ և տարատեսակ ռումբեր կրելու հնարավորություն ունի: Բացի այդ, «Սաեղե» կործանիչն ունի նաև ժամանակակից ռադարային համակարգ:
Հիշեցնենք, որ Իրանի իսլամական հեղափոխության հաղթնակի տասնօրյակի և տիեզերագնացության ազգային օրվա նախօրեին օրերս Իրանը տիեզերք է ուղարկել տեղական արտադրության 4-րդ տիեզերանավը: