Եռյակ է ծնվել. սահմանամերձ գյուղում 4 տղա մեծացնելու միտքը չի վախեցնում ծնողներին
«Էրեբունի» բժշկական կենտրոնում փետրվարի 5-ին կրկին եռյակ է ծնվել: Երեքն էլ տղա և առանց արհեստական միջամտության, ինչպես առավելապես ընդունված է եռյակի դեպքում: Երեխաների մայրը 25 տարեկան է, սա նրա երկրորդ հղիությունն է:
Այսօր` հիվանդանոցից դուրս գրվելուց առաջ, հանդիպեցինք եռյակի ծնողների և ծննդաբերությունը ընդունած բժիշկների հետ:
Երեխաների մայրը` Անժելան, լրագրողների հետ զրույցում ասաց, որ հղիությունից հետո առաջին հետազոտությունը իրեն անակնկալի է բերել: Մեկի փոխարեն բժիշկը լսել էր միանգամից երեք սրտի բաբախ: Մի քանի շաբաթ անց անակնկալը հաստատվել էր. ուլտրաձայնային հետազոտությունը ոչ միայն չէր սխալվել, ավելին` երիտասարդ ընտանիքը երեք տղա է ունենալու:
«Հղիությունը նորմալ է ընթացել, երեք տղաներս ծնվել են կեսարյան հատման ճանապարհով: Երեքի քաշն էլ նորմալ է, մենք մեզ շատ լավ ենք զգում: Երեխաներս առողջ են ու պատրաստ հիվանդանոցից դուրս գրվելու»,- ասաց միանգամից բազմազավակ դարձած մայրիկը:
Երիտասարդ ընտանիքը ապրում է ահմանամերձ Ոսկեվան գյուղում, սակայն 4 տղա պահելու գաղափարը ոչ Անժելային, ոչ էլ նրա ամուսնուն չի վախեցնում:
«Էրեբունի» բժշկական կենտրոնի ծննդատան մանկաբարձ-գինեկոլոգ Անահիտ Անանյանը, ով Անժելայի հղիությանը հետևել է հիվանդանոց մտնելու առաջին օրից, նշեց, որ երիտասարդ կնոջը հսկել են առանձնահատուկ ուշադրությամբ:
Բժշկական կենտրոնի Ծարանի բաժանմունքի վարիչ Տիգրան Հովհաննիսյանը, ով աշխատանքային երկար տարիների ընթացքում եռյակների հաճախ է հանդիպում, նշեց, որ այս դեպքը եզակի է համարում, հատկապես` նորագույն վերարտադրողական տեխնոլոգիաների զարգացման պարագայում:
«Եռյակներ, կամ ինչպես բժիշկներն են ասում` բազմապտուղ հղիություն, սովորաբար լինում է արտամարմնային բեղմնավորման ճանապարհով: Անժելայի գեները, սակայն նույն հրաշքն են կատարել, ինչ ստանում են բժիշկները` ահռելի ջանքերից հետո»,- ասաց Տ.Հովհաննիսյանը:
Երջանիկ ընտանիքի ավագ որդին` Արարատը, եղբայրների անունները ընտրել է, նաև որոշել, թե ում է ամենաշատ սիրելու: Նրա խոսքերով` ուզում է շուտ գնալ տուն ու շուտ մեծանալ, որ ինչպես հարկն է պատասխանի օրվա մեջ անընդհատ հնչող ու իրեն բացարձակ չվախեցնող կրակոցներին: