Սամսունում Աթաթուրքի դամբարանը կառուցված է հայկական գերեզմանատան վրա
Թուրքիայի Սամսուն քաղաքի պատմության հարցերով հանձնաժողովի նախագահ Էմին Քըրբըյըքն անդրադարձել է քաղաքի պատմական հուշարձանների պահպանության ուղղությամբ իրականացվող միջոցառումներին: Նա նշել է, որ Սամսունը 2700-ամյա պատմություն ունի, սակայն այդ պատմությունից մնացած ճարտարապետական հարուստ ժառանգությունը, ցավոք, պահպանվելու փոխարեն ոչնչացվում է:
Ermenihaber.am-ը, վկայակոչելով թուրքական «hedefhalk.com» կայքը, ներկայացրել է պատմաբանի դիտարկումները: Վերջինս նշել է, որ 1900-ական թվականներին Սամսունում ապրելիս են եղել հայեր, հույներ և մուսուլմաններ: Քաղաքի Սելահիյե թաղամասն այդ ժամանակ հայաբնակ է եղել: Այն տարածքում, որտեղ այժմ Օգոստոսի 30-ի միջնակարգ դպրոցի շենքն է գտնվում, նախկինում եղել են հայկական եկեղեցի, մանկատուն և վանքապատկան այլ կառույցներ: Իսկ Սամսունում գտնվող Քեմալ Աթաթուքի արձանը կառուցվել է նախկին հայկական գերեզմանատան տարածքում:
Այսօր էլ Սելահիյե թաղամասում դեռևս կան որոշ հին շինություններ, որոնց պահպանման գործում, ըստ Քըրբըյըքի, անհրաժեշտ է Մշակույթի և զբոսաշրջության նախարարության, ինչպես նաև քաղաքապետարանի աջակցությունը: Կարիք կա այդ ամենը պետականացնելու և վերականգնողական աշխատանքներ կատարելու: