«Վստահ եմ, որ երկրորդ հարյուրամյակը կլինի հաղթական հարյուրամյակ». Աշոտ Մելքոնյան
«Հայոց ցեղասպանության իրավաքաղաքական պահանջները նոր և դրական երևույթ են: Մենք միաբերան և ազգովի սկսեցինք խոսել ցեղասպանության ճանաչման և հատուցման մասին: Այսօր կան իրավաքաղաքական հիմքեր միջազգային դատարան մտնելու համար, սա մեր քաղաքական մտածողության մեջ դրական զարգացումն է »,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը:
«Ապրիլի քսանչորսը մի սահմանագիծ է, որից հետո պետք է քրտնաջան աշխատանքներ սկսել հատուցման համար: Սա մեր կարևորագույն ձեռքբերումն է, այդ հայեցակարգը փշոտ ճանապարհ է անցել և ժամանակ էր պետք: Եվ իրավաբանները սկսել են լրջորեն զբաղվել, գոնե երկրորդ հարյուրամյակում մենք ճիշտ ուղու վրա ենք: Վստահ եմ, որ երկրորդ հարյուրամյակը կլինի հաղթական հարյուրամյակ»,- հայտարարեց Մելքոնյանը:
ԵՊՀ արևելագիտության ամբիոնի դասախոս Լուսինե Սահակյանը նշեց, որ այստեղ կարևոր է, թե ինչպես են անդրադառնում թուրքական գիտական շրջանակները ցեղասպանության թեմային: Ըստ սահակյանի՝ նրանք շարունակում են ժխտողականությունը:
«Նրանց թիվ մեկ խնդիրը ցեղասպանության փաստը հերքելն է»,- նկատեց Լուսինե Սահակյանը: Նա նկատեց, որ գիտական շրջանակներում շարունակում են կիրառել Արևելյան Անատոլիա տերմինը, և արդյունքում շատ օտարազգի մասնագետներ, այդ թվում և ազգությամբ հայեր, օգտագործում են այդ տերմինը:
«Պետք է կոչ անենք, որպեսզի դադարեն կիրառել այդ տերմինը, որը նշանակում է «արևելքի արևելք», դեռ Աբդուլ Համիդի ժամանակներից արգելվել է օգտագործել Արևմտյան Հայաստան տերմինը»,- ասաց արևելագետը:
Չիկագոյի համալսարանի դասախոս Անահիտ Խոսրոևան կարևորեց այն, որ եղեռնի տարիներին հայերի հետ մեկտեղ զոհ են դարձել նաև ասորիները և Պոնտոսի հույները, նույն ժամանակահատվածում և նույն մեթոդներով: «Արդեն տասնութ թվին, երբ Մորգենթաուն խոսում էր ցեղասպանության մասին, նշել է նաև վերջիններիս ցեղասպանության մասին: Այսօր Թուրքիայի պաշտոնատար տարրերը ծուռ հայելու մեջ են ներկայացնում ամենը: Բազմաթիվ ապացույցներ, որոնք տվել են նույն օսմանյան սպաները, ասում են, որ հայերը, հույները և ասորիները սպանվել են, և դա եղել է հատուկ քաղաքականություն: Միանշանակ, այսօր առաջին աշխարհամարտի ընթացքում այս ազգերի նկատմամբ իրականացվածը ցեղասպանություն է»,- ընդգծեց Խոսրոևան:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում