Եվրահանձնաժողովը հայտնել է Հորդանանին մակրոֆինանսական օգնություն տրամադրելու մասին
Եվրահանձնաժողովը սկսել է Հորդանանին մակրոֆինանսական օգնություն տրամադրել: Այս մասին հայտնում է «Ռիա նովոստին»՝ հենվելով Եվրահանձնաժողովի պաշտոնական հաղորդագրության վրա:
«Եվրահանձնաժողովը ԵՄ անունից այսօր 100 միլիոն եվրո է հատկացրել Հորդանանին՝ վարկի տեսքով: Սա այդ երկրին տրամադրվելիք մակրոֆինանսական օգնության առաջին չափաբաժինն է, ընդհանուրը կազմում է 180 միլիոն եվրո»,- ասված է Եվրահանձնաժողովի հաղորդագրությունում:
Նշվում է նաև, որ Եվրահանձնաժողովը Հորդանանին շարունակում է օգնել, որպեսզի վերջինս հիմնական ոլորտներում կարողանա բարեփոխումներ անել: Ռեֆորմները լինելու են տարբեր սեկտորներում՝ սկսած էներգախնայողությունից մինչև զբաղվածության և մասնավոր սեկտորի զարգացման ոլորտներում:
Եվրահանձնաժողովն ընդգծել է իր հաղորդագրությունում, որ առաջին չափաբաժնի տրամադրումը Հորդանանի ժողովրդի հետ եվրոպական երկրների համերաշխության նշան է, և պայմանավորված է Հորդանանի տարածաշրջանային ճգնաժամերից տուժելու փաստով:
Նշենք, որ Հորդանանը, Բահրեյնի հետ համատեղ, մասնակցում է միջազգային կոալիցիայի՝ Իսլամական պետությանը հասցվող հարվածներին: