Կալանքի տակ գտնվող նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանը զայրացած է ու նեղված
ԱԺ նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանի կալանքի որոշման հետ կապված նախօրեին վերաքննիչ բողոք է ներկայացվել: Panorama.am-ի հետ զրույցում ասաց Հ. Հակոբյանի փաստաբան Կարեն Սարդարյանը:
Հիշեցնենք, որ փետրվարի 4-ին դատարանը բավարարել է նախաքննական մարմնի միջնորդությունը և Հակոբ Հակոբյանին՝ Ճոյտին, կալանավորորելու մասին որոշում կայացրել: Այժմ նա գտնվում է «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում: Հակոբյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 7 հոդվածով նախատեսված արարք կատարելու համար։ Այսինքն, նա մեղադրվում է ապօրինի ձեռնարկատիրությամբ զբաղվելու մեջ, որի արդյունքում անձանց կամ կազմակերպություններին կամ պետությանը հասցվել է խոշոր չափի վնաս, ինչպես նաև չարամտորեն խուսափել է հարկերը, տուրքերը կամ պարտադիր այլ վճարումները վճարելուց:
Կ. Սարդարյանը նշեց, որ փետրվարի 3-ին հանդիպել է Հ. Հակոբյանի հետ. «Սթրես է ապրում, որովհետև չի հասկանում՝ ինչու են իրեն կալանավորել: Անհիմն է համարում կալանքը: 2009 թվականից գործը քննվում է, նա միշտ համագործակցել է նախաքննության մարմնի հետ, մշտապես ներկայացել է, մասամբ մարումներ է արել այն մասով, որ ընդունել է եղել են խուսափումներ: Երբ չի համաձայնվել նոր գրված որոշ ակտերի հետ ու մտել է դատարան՝ դատական կարգով վիճարկելու համար, իրեն կալանավորել են: Նա դիտում է այդ քայլը որպես հարկադրանքի մի ձև՝ ոչ իրավաչափ, որ չվիճարկի հարկայինի ակտերը և կուրորեն դրանք մուծի: Դրանից զայրացած է, ասում է՝ ի՞նչ է մեր երկրի քաղաքացին իրավունք չունի հարկային մարմնի հետ մտնի վարչաիրավական վեճի մեջ, վարչական դատարանով բողոքարկի հարկայինի ակտը, հենց հարկայինի ակտը բողոքարկում են, մեզ պետք է կալանավորե՞ն: Նա ավելի շատ ցուցաբերված վերաբերմունքից է զայրացած, նեղված: Ասում է՝ թող սպասեին, մինչև դատարանը կայացներ իր վճիռը: Նա հազմոված է՝ այն իր օգտին էր լինել, քանի որ, ըստ նրա, ներկայացված ակտերը հիմնավոր չէին, բայց եթե դատարանը վճիռ կայացներ, որ հարկերից խուսափել է, ինքը պատրաստ էր այդ գումարը վճարել»:
Փաստաբանի խոսքով, Հ. Հակոբյանն իրեն մեղավոր չի ճանաչում առաջադրված մեղադրանքում, սակայն պատրաստ է վճարել իր դեմ հարուցված քրեական գործով 7 դրվագներից 5-ով սահմանված գումարը, նա պատրաստ է համագործակցության. «Ասում է, եթե պետությանը գումար է պետք, ինքը կփոխհատուցի որպես հայրենասեր մարդ, բայց մեղավոր չի ճանաչում իրեն: Հինգ դրվագով փոխհատուցում կտա, բայց երկու դրվագով, որով դատարան է մտել, սկզբունքային հարց է իր համար, ասում է մինչև դատական ակտը չլինի, փոխհատուցում չի տա, քանի որ արդեն մտել է դատարան, գտնում է, որ չի կարելի ոտնահարել իր դատական պաշտպանության իրավունքը»:
Նախորդող հրապարակումներ՝
Ճոյտի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը
Ճոյտի որդին պնդում է, որ իր հորն առաջադրված բոլոր մեղադրանքներն անօրինական են. «Ժողովուրդ»
Քննիչը, հնարավոր է, Ճոյտի նկարահանած ֆիլմն առգրավվելու որոշում կայացնի. «ՀԺ»
Քրեական գործի հարուցումը կապ ունի՞ Հակոբյանի նկարահանած ֆիլմի հետ. հարց ֆինանսների փոխնախարարին
Հակոբ Հակոբյանը ձերբակալվել է