Անդրանիկ Արզումանյան. Հույս ունեմ, որ իտալացի դաշնակահարը նեղացած չի գնացել Հայաստանից
Իտալացի դաշնակահար Անտոնիո Կոնսալեսն ինքն է ցանկացել Հայաստանում ներկայացնել Ռախմանինովի թիվ 2 սիմֆոնիան, սակայն փորձերից արդեն պարզ է եղել, որ նա պատրաստ չէ:
Հանրային հեռուստաընկերության «Հարցազրույց» հաղորդման ժամանակ ասաց Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն Անդրանիկ Արզումանյանը:
«Անտոնիո Կոնսալեսի համերգը չի կայացել դաշնակահարի խնդրանքով: Նա մի քանի անգամ ներողություն խնդրեց, որ վատ է զգում իրեն, խնդրեց համերգը հանել»,- ասաց Ա. Արզումանյանը:
Նա նշեց, որ ինքը խոսել է մասնագետների հետ, բոլորն էլ ասում էին, որ կոնկրետ այդ ստեղծագործությանը դաշնակահարը պատրաստ չի եղել:
Ա. Արզումանյանի խոսքով, նախքան հրավիրելը, իրենք ծանոթացել են դաշնակահարի գործունեությանը, ինչ աշխատանքներով է հանդես եկել, բայց կոնկրետ Ռախմանինով նա երբեևէ նվագած չի եղել:
Նա նաև նշեց, որ դաշնակահարը խնդրել է տեղի ունեցած դեպքի մասին Հայաստանից դուրս չտարածել:
«Ես ներողություն եմ խնդրում, վայել չէ մեզ»,- ասաց Ա. Արզումանյանը՝ հավելելով, որ խանդի մասին խոսք լինել չի կարող, քանի որ այդ դեպքում ի սկզբանե չէին հրավիրի:
«Հույս ունեմ, որ նեղացած չի գնացել Հայաստանից: Ինչքան գիտեմ, էլի է գալու»,- նշեց Ա. Արզումանյանը:
Հիշեցնենք, որ փետրվարի 5-ին Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում նախատեսված էր իտալացի դաշնակահար Անտոնիո Կոնսալեսի համերգը, սակայն համերգից մեկուկես ժամ առաջ չեղյալ է հայտարարվել: Դաշնակահարի մենեջերն ու համերգի պրոդյուսերը պնդում էին, որ համերգը չի կայացել Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի-բալետի ազգային ակադեմիական թատրոնի գլխավոր դիրիժոր Կարեն Դուրգարյանի պատճառով:
Նախորդող հրապարակումներ՝
Օպերային թատրոնի պարզաբանումը՝ իտալացի դաշնակահար Անտոնիո Կոնսալեսի չեղյալ հայտարարված համերգի վերաբերյալ
Իտալացի դաշնակահարի Անտոնիո Կոնսալեսի հայաստանյան համերգը չի կայացել. «Նա սփրթնել էր, շրթունքները կապտել էին, դողում էր»
Աշխարհահռչակ դաշնակահար Անտոնիո Կոնսալեսը պաշտում է Արամ Խաչատրյանի արվեստը