Ամփոփվել է «Եղել ենք, կանք ու կլինենք» խորագրով մրցանակաբաշխությունը
Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի առիթով ՀՀ սփյուռքի նախարարությունը աշխարհի բոլոր հայկական կրթօջախներում անց է կացնում «Եղել ենք, կանք ու կլինենք» խորագրով աշակերտական մրցույթ: Այս մասին տեղեկացնում է Սփյուռքի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:
Մրցույթին առաջիններից մեկն արձագանքել է Երևանում գործող Մխիթարյան միաբանության ճեմարանը: ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը մասնակցել է ճեմարանում կայացած «Եղել ենք, կանք ու կլինենք» մրցույթի ամփոփիչ միջոցառմանը, որի թեման Հայոց ցեղասպանությունն էր: Այն ընթացել էր երեք անվանակարգերով՝ շարադրություն, նկարչություն և ասմունք:
Միջոցառման ընթացքում կրթահամալիրի սաները թատերականացված դրվագների, ասմունքի, ազգագրական երգերի և պարերի միջոցով նեկայացրել են Հայոց պատմությունը՝ Ավարայրից մինչև Սարդարապատ և արցախյան ազատամարտ:
Համերգային ծրագրի ավարտից հետո միջոցառման մասնակիցներին ողջունել է ճեմարանի տնօրեն Հայր Սերովբե վարդապետ Չամուրլյանը, ով շնորհակալություն է հայտնել ՀՀ սփյուռքի նախարարին՝ նման նախաձեռնության համար, ապա գնահատանքի ջերմ խոսքեր ուղղել սաներին: Այնուհետև, տիկին Հակոբյանը նախարարության դիպլոմներ և նվերներ է հանձնել մրցույթի հաղթողներին և ակտիվ մասնակիցներին:
Իր խոսքում նախարարը կարևորել է ժառանգավորաց դպրոցի գործունեությունը, շեշտելով, որ այն կրթական և դաստիարակչական կենտրոնից զատ, հոգևոր մեծ առաքելություն ունի: Ուրախալի է, որ այն անընդհատ հարստացնում է իր կրթամշակութային զինանոցը տարբեր ձեռնարկներ և միջոցառումներ կազմակերպելով: Նա շեշտել է, որ այսօր Վարդան Ղումաշյանը արվեստի միջոցով կարողանում է հաղթողի հպարտություն արթնացնել սաների մեջ ու Վարդանանց և Հայոց պատմության բոլոր ժամանակների հերոսների «Վասն Հայրենեաց, վասն հավատի» կարգախոսի խորհուրդը վառ պահել: