«Եվրատեսիլ-2015»-ին Հայաստանը կներկայանա նոր խմբով ու նոր ձևաչափով. «Genealogy» (տեսանյութ)
Հավատարիմ մնալով մրցույթի այս տարվա նշանաբանին, ոգեշնչվելով Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի խորհրդանիշ անմոռուկի գաղափարով, ինչպես նաև առաջնորդվելով բազմաթիվ սփյուռքահայերի ցանկությամբ, ովքեր միշտ եղել են եվրատեսիլյան մեր պատվիրակների կողքին, Հանրային հեռուստաընկերության ստեղծագործական խումբը որոշել է մրցույթին ներկայացնել նոր ձևաչափ: Այս մասին հայտնում են Առաջին ալիքի Հասարակայնության հետ կապերի բաժնից:
Կարևորելով խաղաղության, միասնության և հանդուրժողականության գաղափարը՝ Հանրային հեռուստաընկերության ստեղագործական խումբը որոշել է այս տարի համախմբել 1915 թ-ին աշխարհի 5 մայրցամաքներում (Եվրոպա, Ասիա, Ամերիկա, Աֆրիկա, Ավստրալիա) սփռված հայ ժողովրդի նոր սերնդին:
Խմբում ծագումով հայ 5 երգիչներ են, ովքեր զուգակցվում են անմոռուկի 5 թերթիկների հետ, իսկ Հայաստանից կմիանա ևս մեկ մասնակից, ով կհամախմբի թերթիկները: Հատուկ մրցույթի համար ձևավորվելիք խումբը կկրի «Genealogy» անվանումը՝ 6 արտիստ, 6 ճակատագիր, 1 պատմություն:
Երգի վերնագիրն է՝ «Don’t deny» («Մի՛ ժխտիր»):
«Genealogy» խմբի առաջին մասնակցի անունը հայտնի կդառնա փետրվարի 16-ին:
«Եվրատեսիլ- 2015» երգի միջազգային մրցույթը կանցկացվի Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում մայիսի 19-23-ը: Մրցույթին մասնակցում է 40 երկիր:
Մրցույի առաջին կիսաեզրափակչում՝ մայիսի 19-ին, հանդես է գալու 16 երկրի ներկայացուցիչ՝ Հունաստան, Մակեդոնիա, Էստոնիա, Նիդերլանդներ, Մոլդովա, Ֆինլանդիա, Բելգիա, Հայաստան, Սերբիա, Դանիա, Բելառուս, Ռումինիա, Ռուսաստան, Ալբանիա, Վրաստան, Հունգարիա:
Երկրորդ կիսաեզրափակիչը կայանալու է մայիսի 21-ին, մասնակցելու է 17 երկրի ներկայացուցիչ՝ Նորվեգիա, Իռլանդիա,Չեխիա, Լիտվա, Սան Մարինո, Մալթա, Պորտուգալիա, Մոնտենեգրո, Շվեյցարիա, Ադրբեջան, Սլովենիա, Լատվիա, Լեհաստան, Իսլանդիա, Իսրայել, Կիպրոս, Շվեդիա:
«Մեծ հնգյակի» երկրներն (Ֆրանսիա, Գերմանիա, Իտալիա, Իսպանիա, Միացյալ Թագավորություն), Ավստրալիան ու «Եվրատեսիլ 2014» մրցույթում հաղթող երկիր Ավստրիան հանդես են գալու միայն եզրափակչում՝ մայիսի 23-ին:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները