Foreign Policy Journal. «Օրուելյան» Ադրբեջանը և Ալիևի «Օկեանիան»
Ամերիկյան «Foreign Policy Journal» օնլայն պարբերականը հրապարակել է Վաշինգտոնում ԼՂՀ մշտական ներկայացուցչության խորհրդական Արամ Ավետիսյանի «Երևակայության և իրականության արանքում. Ալիևի «Օկեանիան» հոդվածը, որտեղ հեղինակը սուր քննադատության է ենթարկում Ադրբեջանի ղեկավարությանը մարդու հիմնարար իրավունքների համատարած խախտումների, քաղաքացիական հասարակության դեմ վերջերս ուժգնացած ճնշումների և ակտիվիստների բանտարկությունների, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ բանակցություններում Բաքվի ղեկավարության ոչ կառուցողական դիրքորոշման համար։
Հոդվածը ներկայացնում ենք կրճատումներով.
«Պատերազմը խաղաղություն է, ազատությունը ստրկություն է, անքաղաքավարությունը ուժ է»։
Ջորջ Օրուելի «1984»-ը ընթերցածները հեշտությամբ կճանաչեն այս կարգախոսները, կամ ավելի ճիշտ` հակա-կարգախոսները։ Այս գրքում հեղինակը նկարագրում է դեսպոտական համակարգի տակ ճնշված հասարակությունը, որը կառավարվում է պետական քարոզչության, պատմությունը և իրականությունը կեղծելու, ինչպես նաև մշտական պատերազմական իրավիճակի և վախի մթնոլորտի միջոցով։ 1949-ին հրապարակված այս գրքի համար Օրուելը ամենայն հավանականությամբ ներշչնվել էր նացիստական Գերմանիայի և Խորհրդային Միության ամբողջատիրական համակարգերի օրինակներով։
Օրուելի «1984»-ում նկարագրված «Օկեանիա» երևակայական պետությունը իրականություն է դարձել մեր օրերում։ «Օրուելիան» Ադրբեջանը հաստատապես անցել է միջազգային իրավունքի և մարդու հիմնարար իրավունքների բոլոր սահմանները։ Դեսպոտական ուժի վրա հիմնված ավտորիտար ռեժիմը, պատմության նորովի խմբագրումը և իրականության աղավաղումը, մարդու հիմնարար իրավունքների խախտումները, այլատյացությունը և անհանդուրժողականությունը այսօր գոյություն ունեն այդ բոլորովին ոչ երևակայական պետության մեջ։
Ադրբեջանը մեր օրերի ամենացայտուն օրինակներից է, թե ինչպես են պետությունները շարժվում «Օկեանիայի» սկզբունքներով։ Նավթային պաշարներով հարուստ Ադրբեջանը իր կվազի-ինքնակալ Իլհամ Ալիեւի ղեկավարությամբ հայտնի է, որպես աշխարհի ամենակոռումպացված ռեժիմ, եւ մարդու իրավունքների հետ կապված նրա վարկանիշն էլ այդքան վատն է։ Միջազգային իրավապաշտպան կազմակերպությունները Ադրբեջանը բնութագրում են, իբրեւ մի պետություն, որտեղ «չկա հանդուրժողականություն այլակարծության հետ կապված, քաղաքացիական ազատությունները եւ քաղաքական իրավունքները բոլորովին անտեսված են»։
Ալիեւի ռեժիմը հատկապես դաժան է վարվում այն մարդկանց նկատմամբ, ովքեր ներգրավված են Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ ժողովրդական դիվանագիտության միջազգային ծրագրերում։
«Օկեանիայի» լավագույն ավանդույթների համաձայն, Ադրբեջանի պաշտոնական հռետորաբանությունը լի է իրականությունը խեղաթյուրող հայտարարություններով։
«Բոլոր հիմնարար ազատությունները պաշտպանված են Ադրբեջանում. հավաքների ազատությունը, խոսքի եւ մամուլի ազատությունը»,-ասում է Ալիեւը։
Միեւնույն ժամանակ, այդ նույն ազատության առաջամարտիկը բռնի ուժով փակում է ամերիկյան հասարակական կազմակերպությունները, ներառյալ IREX-ը և Ժողովրդավարության զարգացման ազգային հիմնադրամը, ստիպելով նրանց դադարեցնել իրենց գործունեությունը Ադրբեջանում, իսկ մարդու իրավունքների պաշտպանները եւ ակտիվիստները ուղղակի բանտարկվում են։
Ոգեւորված լինելով նավթային եկամուտներից, Ալիեւը պատերազմի մշտական սպառնալիքի տակ է պահում իր երկիրը եւ հարեւան պետություններին, որպեսզի ծածկի իր սեփական թերությունները եւ ավելի ուժեղացնի իշխանության իր մենաշնորհը։
«Օրուելիան» Ադրբեջանը հաստատապես անցել է միջազգային իրավունքի եւ մարդու հիմնարար իրավունքների բոլոր սահմանները։ Ալիեւի ռեժիմը պետք է պատասխանատվության ենթարկվի այս ամենի համար։ Հակառակ դեպքում, աշխարհը կտեսնի նրա այս վատ վարքագծի շարունակությունը եւ ավելի մեծ հավանականությամբ տարածաշրջանը կներքաշվի ավելի մեծ անկայունության միջավայր։
Լրահոս
Տեսանյութեր
Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան