Իրանում նշում են իսլամական հեղափոխության հաղթանակի 36-րդ տարեդարձը
«Միջուկային հարցում «5+1 խմբի» հետ բանակցություններում Իրանի բանագնաց թիմն արտահայտում է հոգևոր առաջնորդի կարծիքը»,-այդ մասին իրանական «ՖԱՐՍ» լրատվական գործակալության հաղորդմամբ՝ հայտարարել է ԻԻՀ ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը:
Իրանի արտաքին գերատեսչության ղեկավարն այսօր իսլամական հեղափոխության 36-րդ տարեդարձին նվիրված քայլարշավի ընթացքում, անդրադառնալով միջուկային խնդրի շուրջ ընթացող բանակցություններին, մասնավորապես նշել է. «Եթե հակառակ կողմը ցուցաբերի վճռական կամք, ապա հենց այսօր էլ կարող ենք հասնել համաձայնության, սակայն եթե այս վճռականությունը չցուցաբերվի, ապա 10 տարի էլ բանակցենք, արդյունք չի լինի»:
«ՖԱՐՍ»-ի հաղորդմամբ՝ Իրանի նախագահ Հասան Ռոհանին Թեհրանի «Ազատության» հրապարակում ունեցած ելույթի ընթացքում հայտարարարել է. «Այն, որ հայտարարում են, թե Իրանը պատժամիջոցների պատճառով էր, որ նստեց բանակցությունների սեղանի շուրջ, սուտ է. Եթե կարծում եք, որ Իրանը պատժամիջոցների պատճառով է հանձնվել, ապա ինչու՞ չեղյալ չէք հայտարարում պատժամիջոցները»:
«ԻՌԻԲ»-ի փոխանցմամբ՝ այսօր Իրանի մայրաքաղաք Թեհրանում և ավելի քան 1000 քաղաքներում ու շուրջ 5000 գյուղերում տեղի է ունեցել իսլամական հեղափոխության հաղթանակի 36-րդ տարեդարձին նվիրված քայլարշավը, որի ընթացքում քայլարշավի մասնակիցները վանկարկել են «Միջուկային էներգիան մեր անվիճելի իրավունքն է», «Մեր երակներում հոսող արյունը զոհաբերում ենք մեր առաջնորդին», «Մահ Ամերիկային» և «Մահ Իսրայելին» կարգախոսները:
Հանդիսությանը մասնակցել են նաև աշխարհի ավելի քան 30 երկրներից 400-ից ավելի արտասահմանցի հյուրեր, Իրանում հավատարմագրված դեսպաններ: