Ինչպե՞ս խնամել մաշկը ձմռանը. խորհուրդներ մասնագետից
Մաշկի ճիշտ խնամքն անհրաժեշտ է տարվա ցանկացած եղանակին, սակայն ձմռանը մարդու մաշկը ամենախոցելին է, քանի որ ձմռանը մաշկը դառնում է ավելի զգայուն ձյան, քամու, ցրտի, չոր եղանակի և ջերմաստիճանի տատանումների նկատմամբ: Որոշ մարդկանց համար խնդիրն ավելի մեծ է, քանի որ նրանց մաշկը ձմռանն այնքան է չորանում, որ արդյունքում վերածվում է թեփի, ճաքերի:
Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ բժիշկ-կոսմետոլոգ, մաշկաբան Լիլիթ Հարությունյանը մասնագիտական մի շարք խորհուրդներ տվեց, թե ինչպես պետք է ձմռանը մաշկը ճիշտ խնամել:
Նրա խոսքերով` խնամքը սկսելուց առաջ պետք է հասկանալ, թե ինչ տեսակի մաշկի հետ գործ ունենք:
«Կարելի է առանձնացնել մաշկի հետևյալ տեսակները` չոր, կայուն, ճարպոտ և պրոբլեմատիկ: Դրանք բոլորն էլ խնամքի կարիք ունեն, հատկապես` ձմռանը, երբ մաշկի ցրտահարման վտանգը մեծանում է, քանի որ ցրտի պատճառով բոլոր տիպի մաշկերը դառնում են անկայուն և անգամ դիմահարդարումը հեռացնելու միջոցները պետք է ճիշտ ընտրել»,- ասաց Լ. Հարությունյանը` հավելելով, որ խնամքի միջոցները չպետք է պարունակեն սպիրտ, խոնավեցնող քսուքներ, իսկ եթե օգտագործվում է խոնավեցնող քսուքներ, ապա խորհուրդ է տրվում այն քսել տանից դուրս գալուց 30 կամ ավելի լավ կլինի՝ 60 րոպե առաջ:
Չոր և զգայուն մաշկ ունեցողներին բժիշկ-կոսմետոլոգը խորհուրդ է տալիս օգտագործել սնուցող և ճարպաթթուներով հարուստ քսուքներ: Շատ կարևոր են Е և D վիտամիններ պարունակող քսուքների օգտագործումը, քանի որ դրանք այն քիչ վիտամիններից են, որոնք ներծծվում են մաշկի մեջ, իսկ լայնացած անոթների դեպքում կարելի է նաև վիտամին C և K պարունակող քսուքներ օգտագործել:
Ինչ վերաբերում է ճարպոտ մաշկին, ապա այս դեպքում սնուցող և յուղոտ քսուքները հակացուցված են, քանի որ դրանք միայն ավելի են փակում ծակոտիները և կեղտոտում մաշկը:
«Ճարպոտ մաշկի դեպքում խորհուրդ է տրվում օրը երկու անգամ դեմքը լվանալ ճիշտ քսուքներով, որոնք պարունակում են մրգաթթուներ: Դրանք նպաստում են ծակոտիների քչացմանը»,- ասաց Լ. Հարությունյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա