Հայ միգրանտների խնդրով Մոսկվայում է ՏԿԱԻՆ միգրացիոն ծառայության պետը
2015 թ. հունվարի 2-ից Հայաստանի Հանրապետության համար ուժի մեջ է մտել Եվրասիական տնտեսա¬կան միության մասին պայմանագիրը: Պայմանագրով անդամ պետություններում կողմերի աշխատանքային միգրանտների համար սահմանվել են էապես դյուրացված պայմաններ: Հայաստանից աշխատանքային միգրանտների գերակշիռ մասը` 96%-ը ուղղվում Է դեպի Ռուսաստանի Դաշնություն, հետևաբար այդ երկրի միգրացիոն օրենսդրության փոփոխություններն անմիջապես ազդում են մեր քաղաքացի աշխատանքային միգրանտների վրա: Այս մասին հայտնում է ՏԿԱԻՆ լրատվական ծառայությունը:
Մյուս կողմից Ռուսաստանի միգրացիոն օրենսդրության և կիրառվող պրակտիկայում վերջին շրջանում տեղի ունեցած խստացումների արդյունքում բազմաթիվ օտարերկրյա քաղաքացիների նկատմամբ սկսել է կիրառվել ՌԴ մուտքի արգելանք` մինչև 10 տարի ժամկետով: Ռուսական աղբյուրների համաձայն՝ նման օտարերկրացիների թիվը 3 միլիոն է: Գնահատականների համաձայն, դրանց թվում են 50-60.000 ՀՀ քաղաքացիներ, որոնք դուրս են եկել ՌԴ տարածքից (հիմնականում գտնվում են ՀՀ-ում) և չեն կարողանում հետ վերադառնալ Ռուսաստանի Դաշնություն:
Այդ անձանց խնդիրներին լուծում տալու նպատակով համաձայնություն է ձեռք բերվել ՀՀ ՏԿԱԻՆ Միգրացիոն պետական ծառայության և Ռուսաստանի դաշնային միգրացիոն ծառայության միջև, համաձայն որի ՌԴ մուտքի արգելքը բացելու վերաբերյալ ՀՀ քաղաքացիների դիմումները` կից փաստաթղթերի հետ միասին հավաքվում և փոխանցվում են ռուսական կողմին:
Նշված հարցերի շուրջ Ռուսաստանի միգրացիոն դաշնային ծառայության իր պաշտոնակիցների հետ աշխատանքային քննարկումներ ունենալու նպատակով փետրվարի 11-13-ը Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանի հանձնարարությամբ ՏԿԱԻՆ միգրացիոն պետական ծառայության պետ Գ. Եգանյանը գործուղվել է Մոսկվա: