Բարաք Օբաման և Վլադիմիր Պուտինը քննարկել են ուկրաինական հարցը
Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման նախօրեին հեռախոսազրույց է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիրր Պուտինի հետ, որի ընթացքում քննարկվել է Ուկրաինայի հարավ-արևելյան շրջաններում ընթացիկ հակամարտության թեժացումը։ Այս մասին ասված է Սպիտակ Տան տարածած մամուլի հաղորդագրության մեջ։
Տեղեկատվության համաձայն, Բարաք Օբաման «կարևորել է, որպեսզի նախագահ Պուտինն օգտագործի հակամարտության խաղաղ կարգավորման հնարավորությունը, որն ընձեռում են Ռուսաստանի, Ֆրանսիայի, Գերմանիայի և Ուկրաինայի միջև ընթացիկ քննարկումները»։
Միաժամանակ նշվում է, «եթե Ռուսաստանը շարունակի ագրեսիվ գործողություններն Ուկրաինայում, այդ թվում զորք և զինամթերքի փոխադրումը այդ երկրի տարածք, անջատողականների ֆինանսավորումը, ապա Ռուսաստանն ավելի թանկ կվճարի դրա դիմաց»։
Կրեմլի տարածած հաղորդագրության համաձայն, նախագահներ Պուտինն ու Օբաման կարևորել են «Ուկրաինայի` առանց բացառության բոլոր շրջանների բնակիչների օրինական իրավունքների և շահերի ապահովմամբ երկխոսության ճանապարհով ներուկրաինական խնդիրների լուծումն ու արյունահեղության անհապաղ դադարեցումը»։