Գազի սպասարկման ծառայության համար վճարվող գումարը չի ավելացել, այլ փոխվել է վճարման կարգը
Երեկ ֆեյսբուք սոցիալական ցանցի օգտատերերն իրենց բողոքն են հայտնել` կապված ներտնային գազասպառման համակարգի տեխնիկական սպասարկման ծառայության վճարի բարձրացման հետ:
Օգտատերերից մեկը հատկապես բողոքում էր, որ «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը գազի սպասարկման գինը բարձրացրել է, սակայն սպառողներն այդ մասին տեղյակ չեն, մինչդեռ նրանք պարտավոր են այդ մասին նախապես տեղեկացնել:
Այդ բողոքներից հետո «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը հաղորդագրություն տարածեց, որում նշված է, որ ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից սահմանվել է «Բնական գազի մատակարարման» պայմանագրի նոր օրինակելի ձև: Ի տարբերություն նախորդ պայմանագրի դրույթների, որոնց համաձայն՝ ներտնային գազասպառման համակարգի տեխնիկական սպասարկման ծառայության համար բաժանորդը վճարում էր յուրաքանչյուր ամիս տարեկան վճարի 1/12 մաuով, նոր պայմանագրով յուրաքանչյուր սպասարկման համար բաժանորդը վճարում է տարեկան վճարի 50 տոկոսը` գազասպառման համակարգի տեխնիկական սպասարկման ծառայություն մատուցելուց հետո հաջորդող հաշվարկային ամսում:
«Այսինքն` ոչ թե վճարի սահմանաչափի ավելացում է տեղի ունեցել, այլ ընդամենը վճարման կարգն է փոփոխվել: Եթե նախկինում այդ ֆիքսված գումարը բնակիչը վճարում էր յուրաքանչյուր ամիս սպառած գազի դիմաց, հիմա բաժանորդը այն վճարելու է տարին երկու անգամ»,- այս մասին Panorama.am-ին ասաց «Գազպրոմ Արմենիա» ընկերության մամուլի քարտուղար Շուշան Սարդարյանը:
Հիշեցնենք, որ որոշումը ուժի մեջ է մտել 2015 թ. հունվարի 1-ից, և «Գազպրոմ Արմենիա» ընկերությունն առաջիկայում կսկսի բաժանորդների հետ բնական գազի մատակարարման նոր օրինակելի ձևով պայմանագրերի կնքման գործընթացը:
Նախորդող հրապարակում`
Փոփոխություն ներտնային գազասպառման համակարգի տեխնիկական սպասարկման ծառայության վճարման կարգում. «Գազպրոմ Արմենիա»