Zaman. Թուրքիայի կողմից ապրիլի 24-ի վերաիմաստավորումը նշանակում է ծաղրել հայերի վիշտը
Թուրքական լրատվամիջոցներում շարունակվում են Դարդանելի մարտերի 100 ամյակը ապրիլի 24-ին նշելու և ՀՀ նախագահին մասնակցության հրավեր ուղարկելու կապակցությամբ քննադատական արձագանքները: Ermenihaber.am-ը հայտնում է, որ մասնավորապես թուրքական ընդդիմադիր «Զաման» պարբերականի լրագրող Ալին Օզինյանը թեմայի առնչությամբ գրում է. «Այս քայլը նշանակում է` հարսանիքի հրավիրատոմս ուղարկել մի երկրի առաջնորդի, որի ազգն արդեն հարյուր տարի է` մեռած ու չթաղված աճյուններ ունի: Ամբողջ աշխարհում որպես սգո օր հայտնի ապրիլի 24-ի վերաիմաստավորումը նշանակում է ծաղրել այդ մարդկանց վիշտը»:
«Թուրքիայի պաշտոնական մեկնաբանությունն այս առթիվ, թե իբր հրավերի շարժառիթն այն է, որ Դարդանելում նաև հայ զինվորներ են զոհվել, նույնպես զարմանքի տեղիք է տալիս. Ինչո՞ւ միայն այս տարի հանկարծ հիշեցին այդ հայ զինվորների մասին»,-հարցնում է լրագրողը:
Անդրադառնալով վերջերս Մարդու իրավունքների եվրոպական դատարանում (ՄԻԵԴ) ընթացող «Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի» գործի մասին Թուրքիայում տարածված մի արտահայտության` այն է, թե «Հրանտ Դինքը եթե ողջ լիներ, նա էլ կմեկներ ՄԻԵԴ` Փերինչեքին սատարելու», Օզինյանը ընդգծում է, որ նման մեկնաբանություններ անելն առնվազն անարգանք է հայտնի հայ լրագրողի հիշատակի նկատմամբ:
Երբ իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ-AKP) ներկայացուցիչները հավանություն են տալիս հայոց ցեղասպան Թալեաթ փաշային որպես «ազգային հերոս» ներկայացնելու Փերինչեքի գործելաոճին, դա այլևս թույլ չի տալիս հավատալ, որ այդ նույն քաղաքական գործիչները կիսում են հայերի ցավը: Նման համոզմունք է հայտնում Օզինյանը:
Ըստ նրա` դա նշանակում է, որ Թուրքիայի հիշողությունը դեռ ազնիվ չէ: Ամփոփելով` Օզինյանը ցավով նկատում է, որ Թուրքիայում որոշ քաղաքական և կրոնական բարձր աստիճանների հասած հայեր նույնպես հանդես են գալիս կառավարության և ԱԶԿ-ին աջակցող ելույթներով և այդպիսով իրենց նկատմամբ անվստահություն ներշնչում: