Ոչ մի բուհի ռեկտոր, դասախոս, պրոֆեսոր չի կարող իրեն վեր դասել օրենքներից. Աշոտյան
«Պոլիտեխնիկը այս ամիսների ընթացքում հերթական անգամ հայտնվեց սկանդալում: Կարծում եմ, որ բուհի ղեկավարության պարտականությունն է` ապահովել բուհի բարի համբավը և բարոյահոգեբանական առողջ մթնոլորտը, ինչպես նաև նորմալ ուսումնական պրոցեսի իրականացումը»,-լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը` անդրադառնալով «Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան» հիմնադրամում վերջին օրերին տեղի ունեցող իրադարձություններին:
Նախարարի խոսքերով` ստացված բողոքների հիման վրա նախարարության կողմից կատարվել են ուսումնասիրություններ, որոնց արդյունքների` մասնավորապես, երկու խնդրի մասին նախարարությունն արդեն հանրությանը տեղեկացրել է: Ա.Աշոտյանը հույս հայտնեց, որ մոտ ապագայում բուհում առկա խնդիրը իր վերջնական կարգավորումը կստանա:
«Ոչ մի բուհի ռեկտոր, դասախոս, պրոֆեսոր չի կարող իրեն վեր դասել օրենքներից, ոչ մի ուսանող չի կարող իրեն վեր դասել օրենքներից: ԿԳ նախարարությունը որպես լիազոր պետական մարմին բացառապես առաջնորդվելու է ՀՀ օրենսդրությամբ, բայց բոլորիս հուզում է նաև բուհի իմիջը: Հատկապես այն սկանդալների շարքը, որ տեղի է ունենում այդ բուհում` մտահոգիչ է կառավարման որակի և արդյունավետության տեսակետից, մտահոգիչ է բուհում բարոյահոգեբանական մթնոլորտի առողջացմանն ուղղված անհապաղ միջոցառումների իրականացման տեսակետից: Կարծում եմ, որ մենք այնտեղ միասին, ձեր օգնությամբ, կիրականացնենք հանրային հաշվետվության և հանրային մոնիթորինգի գործընթաց»,- ընդգծեց Արմեն Աշոտյանը:
Դիտարկմանը, թե փաստորեն ամենաթողություն է բուհերում, նախարարը նշեց, որ Հայաստանում կա պետական և միջպետական 22 բուհ, ուստի ճիշտ չէ մեկ բուհի մասով դատողություններ անել մնացածի մասին:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները