«Ուրիշ ազգության մեջ ուրիշ գրող Հրանտ Մատթէոսյանի պես չի կրնար գրել» (լուսանկարներ)
«Այստեղ դուք ունիք մեկը, որ մեծ անձնավորություն է համաշխարհային գրականության մեջ: Ան Հրանտ Մատթէոսյանն է: Որևէ ազգի մեջ իրմե լավ պատմություն գրող չկա: Անոր գրությունները խորունկ ձևով ցույց կուտան հայոց մասնակցություն մարդկության պատմության: Ուրիշ ազգության մեջ ուրիշ գրող Հրանտ Մատթէոսյանի պես չի կրնար գրել: Ես կարդացած եմ իր գործերը թարգմանությամբ: Ինքը հայության մասին կգրե, և այդ հայությունը այնքան ճիշտ է, որ ես կզարմանամ, կուրախանամ և հպարտ կզգամ: Շատ գրողներ, բանաստեղծներ ունիք, բայց պետք է ներեք ինձի, եթե ըսեմ, որ ան ուժը, որ անհրաժեշտ է, հսկայակա՜ն, Հրանտ Մատթէոսյանի մեջ է: Եվ կուրախանամ, որովհետև ազգ մը, պիտի ընդունիք աս, աշխարհին կճանչցվի իր արվեստով: Եվ որ արվեստը այդքան ահագին ըլլա, օտարին միտքին մեջ ազգն ալ կմեծնա»,- գրել է Վիլյամ Սարոյանը:
80 տարի առաջ հենց այս օրը Թումանյանի շրջանի Ահնիձոր գյուղում ծնվել է հայ արձակագիր, կինոսցենարիստ Հրանտ Մաթևոսյանը:
Մի առիթով Հրանտ Մաթևոսյանը երրորդ դեմքով, հանրագիտարանային այս ոճով է շարադրել իր կենսագրականը: hrantmatevossian.org կայքում այն նույնությամբ հրապարակված է, պահպանելով բնօրինակի ոճը.
«ՀՐԱՆՏ ԻԳՆԱՏԻ ՄԱԹԵւՈՍՅԱՆ
Հայ գրող, արձակագիր: Նախասիրած ժանրը վիպակն է՝ նովելը: Տպագրվում է 1960 թվականից: Գրել է Մենք ենք - մեր սարերը, Բեռնաձիեր (Оранжевый табун, The Orange Herd), Խումհար (Похмелье, Hangover), Տաշքենդ, Աշնան արև (Мать едет женить сына, Autumn sun /Mother Leaves To Give To Marriage Her Son/) վիպակները, Տերը կինովիպակը, պատմվածքներ, պիեսներ, որոնք 1967-ից ի վեր, տարբեր հավաքածուներ դառնալով, բազմիցս հրատարակվել են հայերեն, ռուսերեն և ապա՝ միութենական հանրապետություների և սոցերկրների գրեթե բոլոր լեզուներով: Մոսկվայի Прогресс հրատարակչությունը The Orange Herd (Նարինջ երամակը) խորագրով հավաքածու է հրատարակել ուրդու լեզվով և անգլերեն: 1994-ին փարիզյան Ալբին Միշել հրատարակչությունը տպագրել է Հր.Մ - ի ընտրանին՝ Աշնան արև: Հր.Մ-ի սցենարներով նկարահանվել են Մենք ենք - մեր սարերը, Աշնան արև, Տերը, Այս կանաչ - կարմիր աշխարհը կինոնկարները, նրա գործերի նյութերով՝ Օգոստոս կինոնկարը, հեռուստատեսային բեմականացումներ են դարձել Հր.Մ-ի Մեծամոր էսսեն և Չեզոք գոտի պիեսը, Երևանի դրամատիկական թատրոնում բեմականացվել են Աշնան արևը և Կայարանը: Ողջ է, աշխատում է Տերը մեծածավալ գործի, Եզրով վիպակի, Մեռելալույս - Рассеянный свет - վեպի վրա: Հայաստանի գրողների միության նախագահն է 1996-ից: Ծնվել է 1935-ին Հյուսիսային Հայաստանի Ահնիձոր փոքր գյուղում՝ Ալավերդու - Թումանյանի շրջան: 52-ից Երևանում է. աշխատել է տպարաններում և թերթերի խմբագրություններում, սովորել է Երևանի մանկավարժական ինստիտուտում՝ պատմա-լեզվագրական մասնաբաժնում, 1965-66-ին Մոկվայի կինոսցենարների դասընթացներում: 1984-ին Գրականության ՍՍՀՄ պետական և Հայաստանի նույնանուն մրցանակների դափնեկիր, 1996-ին ՀՀ Մեսրոպ Մաշտոց շքանշանի ասպետ:
Ընտանիքը - կին, դուստր, որդի, առայժմ երեք աղջիկ թոռ: 2001 հունվար, Երևան, ՀՀ»:
Հրանտ Մաթևոսյանը հայ նորագույն արձակի նշանավոր ներկայացուցիչներից է: Նրա գրական ժառանգությունը՝ կերպարների մտածողությամբ ու հոգեբանությամբ, պատմության մշտարթուն հիշողությամբ, խորապես ազգային է: Մաթևոսյանը պատմում էր գյուղի, գյուղացիների կյանքի, նրանց ծանր աշխատանքի մասին: Պատմելու նրա ձևը նորություն էր հայ գրականության մեջ: Նրա հերոսները մարդիկ են, որոնք չեն լքում իրենց աշխարհը, իրենց գյուղը, չարչարվում են ամբողջ կյանքում, որովհետև գտնում են, որ մարդու առաջին պարտքը աշխատել և աշխարհը լավացնելն է:
«Հրանտ Մաթևոսյանի լավագույն երկերը կերպավորման, իմաստային և ձևի առումով ազդեցիկ բյուրեղացումներ են, որոնք իրենց հերթին ներքին կապերով արտահայտիչ ու տեսանելի են դարձնում կյանքի ծանրանիստ ընթացքը, դառնում խոր ընդհանրացումներ՝ հոգսի, աշխատանքի, հողի ու գեղեցկության մասին»,- այսպես է ներկայացրել գրականագետ Հրանտ Թամրազյանը Հրանտ Մաթևոսյանի գրական ժառանգությունը:
«Մաճ եմ բռնել, խոտ հնձել, կով ծնեցրել, պատվաստ դրել... Առասպելի ջրհեղեղը եթե կրկնվեր՝ Նոյան պես կարող էի վերստեղծել հողագործության և անասնապահության մեծ մշակույթները, և մարդկանց հիշողությունը եթե հանկարծ խաթարվեր, ազգականներիս ու երկրացիներիս այն օրերի վարքից կարող էի նորից ժողովել մարդկային բարոյականության օրենսգիրքը: Այդ ամենի համար պարտական եմ այն հին Ահնիձոր գյուղին, ուր տասնհինգ տարի եմ անցրել»:
«Պատմությունը ազգերի ու ժողովուրդների ճանապարհին նստած սֆինքս է, որ անցած ուղիներիդ դասը չի հարցնում – փորձում է իրենից՝ այսօրից անցնելու, գալիքին ոտք դնելու կամքդ»,- գրել է Հրանտ Մաթևոսյանը:
Հրանտ Մաթևոսյանը մահացել է 2002 թվականին:
Նշենք, որ հայ մեծանուն գրող, արձակագիր Հրանտ Մաթևոսյանի ծննդյան 80-ամյակը նշող հոբելյանական հանձնաժողով է ստեղծվել: Հոբելյանական միջոցառումները մեկնարկում են այսօրվանից՝ Կոմիտասի անվան պանթեոն այցելությամբ, Հ. Մաթևոսյանի անվան հիմնական դպրոցի սաների մասնակցությամբ հուշ-ցերեկույթով և կշարունակվեն ողջ տարվա ընթացքում: Նախատեսվում է նաև մեծանուն գրողի հիշատակին նվիրված միջոցառման անցկացում Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում, վավերագրական ֆիլմի և արխիվային ֆիլմերի ցուցադրություն և այլն:
«.... Ինձ համար հիմա դժվար է «անազնվություն» ու «շահախնդրություն» բառերից հետո դեռ «դավաճանություն» էլ ասել, բայց այդպես եղավ. սերունդը դավաճանեց գրականության շահին, գրականության շահը ստորադասեց իր ազգային, դասային, ռեգիոնալ շահերին, գրականությունը ծառայեցրեց որպես թե ավելի բարձր նպատակների, օրենսդիր մարմնից կատարածու մարմին դարձրեց գրականությունը և չարաչար պատժվեց - գրականությունը որպես այդպիսին դադարեց գոյելուց: Դա մեղք է, որ չի ներվում անգամ Շեքսպիրին և անգամ իրեն Աստծուն չի ներվում, ... ապա մի հիշենք, թե մեզ ինչ խորթություն է պատում, Աստված ինչքան է հեռանում մեզնից, երբ Քրիստոսի կերպարի ետևից երբեմն հրեա է նայում»:
«.... հոգիների կողոպտիչները մարդասպաններ են: Եվ ուրեմն ի՜նչ գեղեցիկ են նրանք, ովքեր մարդու համար գրում են ի՛ր խոսքը, մարդու մեջ բացում են ի՛ր լույսը, արձակում ի՛ր ձգտումը: Պիտի ցանկանայի նույնազոր եղբոր նման միանալ նրանց և իմ անձնական ու ազգային թուլությունը չբացահայտել, քանի որ երկրի վրա ինչ որ լինում է՝ լինում է նախ խոսքի մեջ»։
«... Սուտը կարող է բանակներ շարժել, կարող է ժողովուրդներ հիմարացնել, կարող է քաղաքական համակարգի հիմք դառնալ, մարմնավորվել իրբև իրականություն և գրողին ներկայանալ իբրև թե Կյանքն է: Բայց դառնալ գրականությո՞ւն: Երբեք...»: