Իրանցի գեներալ. «Իսլամական պետության» վախճանը մոտենում է
«Իսլամական պետության» վախճանը մոտենում է,-այդ մասին իրանական «ԻՌՆԱ» լրատվական գործակալության հաղորդմամբ՝ հայտարարել է Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի «Ղոդս» ուժերի հրամանատար, գեներալ Ղասեմ Սոլեյմանին:
Իրանցի բարձրաստիճան զինվորականն իսլամական հեղափոխության հաղթանակի 36-րդ տարեդարձի առթիվ Քերման նահանգում ունեցած ելույթի ընթացքում, անդրադառնալով տարածաշրջանում տիրող անկայուն իրավիճակին, մասնավորապես նշել է. «Հաշվի առնելով այն փաստը, որ վերջին շրջանում Իրաքում և Սիրիայում «Իսլամական պետությունը» և այլ ահաբեկչական խմբավորումներն ինչպիսի ծանր հարված ստացան, վստահաբար կարելի է պնդել, որ այս խմբավորման վախճանը մոտենում է»:
Հիշեցնենք, որ վերջերս «BBC» լրատվական գործակալության իրանական ծառայությունը հաղորդել էր, որ Իրանի հոգևոր առաջնորդ Ալի Խամենեիի թույլտվությամբ՝ Իրանի ԶՈւ ներկայացուցիչներն «Իսլամական պետության» հարցով կարող են հանդիպել ամերիկացի զինվորականներին:
«BBC»-ի հաղորդմամբ՝ վերջերս մի շարք հրապարակումներ են եղել, համաձայն որոնց՝ Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) «Ղոդս» ուժերը Ղասեմ Սոլեյմանիի հրամանատարությամբ ներգրավված են եղել իրաքյան գործընթացներին: