Սուրբ Վարդանանց զորավարների հիշատակության օրն է
Հայ Առաքելական եկեղեցին այսօր նշում է Սուրբ Վարդանանց զորավարների և 1036 վկաների հիշատակության օրը: Այս մասին տեղեկանում ենք qahana.am կայքից:
451 թվականի մայիսին, Ավարայրի ճակատամարտում, հայրենիքի, հայ եկեղեցու եւ քրիստոնեական հավատի պահպանման համար նահատակված Վարդանանց զորավարներն ու 1036 մարտիրոսները Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու մեծագույն սրբերից են: Իրենց նահատակությամբ նրանք հաստատեցին հայ ժողովրդի ապրելու կամքը և լինելիության իրավունքը: Հայաստանում քրիստոնեություն ընդունելուց ի վեր Հայ եկեղեցին սերտորեն կապված է եղել հայրենիքի պաշտպանության գործին: Դրա վառ օրինակը Վարդանանց պատերազմն է: Պարսից զորքերի դեմ մղված պատերազմում հայ մարտիկների կողքին էր Հայոց եկեղեցին: Հովսեփ կաթողիկոսի և Ղևոնդ Երեցի առաջնորդությամբ: Մարտից առաջ հայ հոգևորականները ոչ միայն քաջալերում էին զորքին մակաբայեցիների օրինակով, այլև մկրտության և Սբ. Պատարագի խորհրդով առավել ամրապնդում էին նվիրյալների հավատն ու ոգին: «Եվ սեղան կանգնեցնելով` ամենասուրբ խորհուրդը կատարեցին, պատրաստեցին նաև ավազան, և եթե զորքի բազմության մեջ չմկրտված մարդ կար, ամբողջ գիշերը մկրտեցին. Եվ առավոտյան Սբ. հաղորդություն ընդունեցին», - գրում է Եղիշե պատմիչը Վարդանանց պատերազմից առաջ կատարվածի մասին:
Վարդանանց տոնին Մայր Աթոռ Սբ. Էջմիածնում և հայկական բոլոր եկեղեցիներում մատուցվում է Սբ. Պատարագ: