2014 թվականին ավելի լավ ենք ապրել, քան ապրելու ենք 2015թ-ին. Վիլեն Խաչատրյան
Վերաֆինանսավորման տոկոսադրույքի բարձացումն առաջին հերթին արվում է գնաճը զսպելու համար: Այս մասին Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց տնտեսագետ Վիլեն Խաչատրյանը` անդրադառնալով փետրվարի 10-ին ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի կայացրած որոշմանը, որի համաձայն` բարձրացվել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը 1 տոկոսային կետով՝ սահմանելով այն 10.5%:
Տնտեսագետի խոսքերով` այս որոշումով անցնում ենք մի քաղաքականության, որը կոչվում է թանկ փողերի քաղաքականություն:
«Սա նշանակում է, որ բանկերը վարկեր չեն տրամադրելու, այսինքն` մարդկանց զրկում են ֆինանսական միջոցներից: Վարկավորման պրոցեսը կարելի է ասել դադարեցված է, միայն դոլարային վարկեր են տրամադրվում: Այսպիսով, տնտեսությունը զրկել են փողից, իսկ սա մի պրոցես է, որը տանում է տնտեսության սառեցման»,- նշեց Վ.Խաչատրյանը:
Տնտեսագետը գտնում է, որ ԿԲ-ն գրեթե նույնությամբ անում է այն գործողությունները, ինչ ՌԴ կենտրոնական բանկը: Նշենք, որ 2014թ-ին դեկտեմբերի 16-ին Ռուսաստանի կենտրոնական բանկը բարձրացրել էր առանցքային տոկոսադրույքը 10.5 տոկոսից միանգամից մինչև 17 տոկոս, սակայն 2015թ-ի հունվարի 31-ին հիմնական տոկոսադրույքը բանկի խորհուրդը իջեցրել է երկու տոկոսային կետով` 17%-ից մինչև 15%:
Վ.Խաչատրյանի խոսքերով` 2015 թ-ը լինելու է բարձր տոկոսների կամ թանկ փողերի տարի. «Իրականությունն այն է, որ մարդիկ ուզում են վարկեր վերցնել, որպեսզի իրենց բարեկեցությունը գոնե վարկերի հաշվին ամուր պահեն, բայց ԿԲ-ն վարում է այնպիսի քաղաքականություն, որ հնարավորություն չտա մարդկանց օգտվել այդ վարկերից: Այսպիսով, ԿԲ-ն փորձում է կանխել գնաճը` նպատակ դնելով այն չանցնի 10 տոկոսի սահմանը»:
Ըստ նրա` ինֆլյացիայի նվազեցումը մոնետար գործիքներով հնարավոր է միայն տնտեսության աճի կտրուկ կրճատման պայմաններում. «Մոնետար քաղաքականության նպատակն է մասամբ կրճատել եկամուտը, մարդկանց ձեռքը փող չտալ, որ նրանք ապրանք չգնեն և դրանով կանխեն գնաճը: Սա նախաճգնաժամային իրավիճակ է և բանկային համակարգի, և տնտեսության համար: Չեմ ուզում վատատես լինել, բայց 2014թ-ին ավելի լավ ենք ապրել, քան ապրելու են 2015թ-ին»:
Նրա գնահատմամբ, եթե այսպես շարունակվի, ապա 2015թ-ը Հայաստանի համար կլինի ճգնաժամային տարի, իսկ այսօր մեր երկիրը գտնվում է նախաճգնաժամային փուլում:
Տնտեսագետը հիշեցրեց, որ Ռուսաստանը մշակում է հակաճգնաժամային ծրագիր, մինչդեռ մեզ մոտ այդ մասին չեն խոսում, որպեսզի բացասական սպասումներ չառաջացնեն: Սակայն ՀՀ կենտրոնական բանկն իր քայլերով գնում է կանխարգելող միջոցառումների ռեժիմի:
Վ.Խաչատրյանը նշեց նաև, որ վերաֆինանսավորման տոկոսադրույքի բարձրացումով կկրճատվի բանկերի մարժան, քանի որ բանկերի սահմանած տոկոսները չեն կարող գերազանցել 24%-ը. «Դա կբերի բանկերի աշխատողների, աշխատավարձերի կրճատման և այլն, քանի որ այդ քայլերով բանկերը պետք է կարողանան իրենց պահեն»: