Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի վերակառուցման աշխատանքների մասին
ՀՀ առողջապահության նախարարության պրոֆեսոր Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնում շարունակվում են հիմնական մասնաշենքի վերակառուցման և եռահարկ նոր մասնաշենքի կառուցման աշխատանքները: Նախարար Արմեն Մուրադյանն կրկին այցելել է շինհրապարակ: Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:
Կենտրոնի տնօրեն Սմբատ Դաղբաշյանը նախարարին ներկայացրել է 2014 թվականի ապրիլից մեկնարկած շինարարական աշխատանքների ընթացքը:
Նախարարը կարևորել է իրականացվող աշխատանքների պատշաճ որակը, ինչպես նաև ժամկետների ապահովումը:
Երկհարկանի ախտորոշիչ մասնաշենքի տեղում կառուցվող եռահարկ շենքում կտեղակայվի ցողունային բջիջների պատրաստման և սառեցման լաբորատորիան, որը կբավարարի ISO և GMP միջազգային չափորոշիչների պահանջներին: Հիմնանորոգվող յոթ հարկանի բուժական մասնաշենքում այս փուլում կատարվում են հարդարման աշխատանքներ:
Պրոֆեսոր Ռ. Հ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի արդիականացումը, ինչպես նաև ոսկրածուծի և ցողունային բջիջների փոխպատվաստման և բարձր դեղաչափային քիմիաթերապիայի բաժանմունքի ստեղծումն իրականացվում են «Հայաստանի առողջապահական համակարգի արդիականացում» և «Հիվանդությունների կանխարգելում և կառավարում» ծրագրի շրջանակում: Ծրագրով նախատեսված է նաև բժշկական անձնակազմի կրթում` միջազգային և տեղի մասնագետների կողմից, ինչպես նաև բուժման ուղեցույցերի մշակում: