ԱՄՆ Պետդեպը զգուշացնում է իր քաղաքացիներին Ադրբեջանում միայնակ չքայլել գիշերվա ժամերին
Ադրբեջանում գիշերային հարձակումները միայնակ տղամարդկանց վրա օտարերկրացիների նկատմամբ իրագործվող ամենատարածված հանցագործություններն են և հաճախ պայմանավորված են ալկոհոլի օգտագործմամբ: Այս մասին ասվում է ԱՄՆ Պետքարտուղարության` արտերկրում անվտանգության հարցերով խորհրդատվական խորհրդի կայքում զետեղված զեկույցում` Ադրբեջանում քրեական դրության և անվտանգության վերաբերյալ:
Ըստ զեկույցի` Ադրբեջանի քաղաքացիների նկատմամբ առավել տարածված հանցագործությունն են թալանն ու հարձակումը, իսկ ահա օտարերկրացիները կարող են դառնալ ավելի փոքր հանցանքի զոհ, ինչպիսիք են գրպանահատման դեպքերը բազմամարդ կամ էլ մեկուսացված վայրերում:
Զեկույցում նաև նշվում է, որ օտարերկրացիների փոխանցմամբ` Ադրբեջանում առկա է անցանկալի ուշադրություն ու անհանդուրժելի պահվածք տղամարդկանց կողմից այն կանանց նկատմամբ, ովքեր միայնակ քայլում են փողոցում: Վիճակագրական տվյալների համաձայն արձանագրված սեռական բնույթի հարձակումների փոքր թիվը չի արտացոլում իրական պատկերը և պայմանավորված է մշակութային հասարակական պիտակավորումներով: 2014-ին Անվտանգության շրջանային ծառայությունը հաղորդել է ԱՄՆ քաղաքացիներին ուղղված բռնաբարության 3 դեպքի, 1 փորձի ու 1 սեռական բնույթի հարձակման մասին Բաքվում: Ծառայությանը հայտնի են նաև դեպքեր, երբ տղամարդիկ պարզապես ներխուժել են կանանց բնակարաններ սեռական հարաբերություն հաստատելու ակնհայտ ցանկությամբ: Ենթադրվում է, որ նման դեպքերը լուրջ մշակութային բացթողումների հետևանք են:
Չնայած նրան, որ ադրբեջանական հասարակությունը սովորաբար կիրառում է առձեռն թղթադրամներ, կրեդիտ ու բանկային քարտերի ներմուծումը հանգեցրել է դրանց օգտագործման հետ կապված հանցագործությունների թվի զգալի աճի:
Զեկույցում նաև ներկայացած է 2014-ին արձանագրված հանցագործությունների վիճակագրություն, որոնց ընդհանուր թիվը 24.607 է: Դրանց 14 տոկոսը համարվում են ծանր հանցանքներ:
Նշվում է, որ Ադրբեջանում ճանապարհները հիմնականում վատ վիճակում են, իսկ քաղաքից դուրս ճանապարհները գիշերվա ժամերին վատ են լուսավորվում: Վերանորոգման գոտիները շատ հաճախ տարանջատված ու նշված չեն` վարորդների անվտանգությունն ապահովելու համար: Հետիոտներն անտեսում են տրանսպորտային միջոցները, անցումներն ու ազդանշանները: Մեքենա վարելը ռիսկային է: ՃՈ-ն հետևողական չէ ճանապարհատրանսպորտային կանոնների պահպանման հարցում: Վարորդներն ուշադրություն չեն դարձնում երթևեկման կանոններին, ազդանշաններին, գծանշումներին, հետիոտներին ու մյուս վարորդներին, հաճախ վարում են անթույլատրելի մեծ արագությամբ, ուստի ավտովթարները հաճախ են պատահում ու լուրջ բնույթ են կրում: Ձմռան ամիսներին պատկան մարմինները չեն մաքրում ճանապարհները ձյան հետևանքներից` դրանով իսկ նպաստսելով ՃՏՊ-ների թվի աճին:
Ոստիկանները Բաքվում երբեմն կանգնեցնում են մարդկանց ու խնդրում անձը հաստատող փաստաթղթեր, որոնց բացակայության դեպքում կարող են տվյալ անձին ժամանակավորապես ձերբակալել: Ըստ զեկույցի` նման պարագաներում տարածված է կաշառակերությունը:
Զեկույցում նշվում է, որ 2014-ի հունիսին տեղական մարմինները ձերբակալել են Բանդամարից 20 հոգու` իրենց խոսքերով «արմատական կրոնական խմբավորմանն անդամակցելու պատճառով»: Ձերբակալությունները համընկել են Բաքվի պատմական հատվածում լեզգիական մզկիթի ռեյդերի հետ և ըստ որոշ տեղեկությունների` կապված են «Իսլամական պետության» համար օտարերկրյա զինյալների հավաքագրման հետ: Ահաբեկչության սպառնալիքը մեծ է: Զեկույցը կոչ է անում զգուշավորություն ցուցաբերել հատկապես Նարդարան ավան մեկնելիս, որն Ապշերոնյան թերակղզում է` Բաքվից 30 կմ հեռավորության վրա:
«2009-ի սկզբին Նարդարանը վերածվել էր հակաամերիկյան ու հակաիսրայելական բազում բողոքի ցույցերի վայրի: 2015-ի հունվարի 21-ին Նարդարանի ցուցարարներն այրել են ԱՄՆ-ի, Ֆրանսիայի ու Իսրայելի դրոշները` բողոքելով ֆրանսիական «Շառլի Էբդո» ամսագրի դեմ: Ավանի համայնքը մի քանի անգամ դաժան բախումներ է ունեցել կառավարության հետ` սոցիալական ու տնտեսական խնդիրների պատճառով: Նարդարանի բնակիչները հակված են կասկածանքով վերաբերել օտար մարդկանց, այդ թվում` ադրբեջանցիներին, և առանձնանում են հակաարևմտյան տրամադրություններով»,- ասվում է զեկույցում:
Շրջանային անվտանգության ծառայությանը հայտնի է մի դեպք, երբ ՀԿ-ի աֆրոամերիկյան աշխատակցին ծեծել են ռասսայական խտրականության հողի վրա: Շրջաններում նաև հանդուրժողական չեն սեռական փոքրամասնությունների նկատմամբ:
2013-ի սկզբից ի վեր երկրում պարբերաբար հանրահավաքներ են կազմակերպվում, որոնք սովորաբար ուղեկցվում են ոստիկանների մեծ քանակի առկայությամբ: Անհրաժեշտ է խուսափել ցույցերից, քանի որ թշնամական տարրերն ամբոխում կարող են սրել իրավիճակը:
Ադրբեջանում նաև պարբերաբար արձանագրվում են կրոնական ու էթնիկ հողի վրա բռնության դեպքեր: Երկրի շրջաններն առավել անհանդուրժող են` ըստ զեկույցի:
Զեկույցը նշում է, որ ԱՄՆ որոշ քաղաքացիներ հայտնել են Ադրբեջանում գիշերային զվարճանքի վայրերում խարդախության դեպքերի մասին: «Հանցանքն իրագործվում է, երբ երիտասարդ կինը մոտենում է հաճախորդին` խնդրելով ըմպելիք հյուրասիրել իրեն: Կնոջը խմիչք հյուրասիրելուց ու նրա հետ զրուցելուց հետո հաճախորդին տալիս են 250 մանաթի (300 ԱՄՆ դոլար ) հաշիվ, իսկ երբ վերջինս ընդդիմանում է, մի քանի հոգի մոտենում են նրան ու ֆիզիկական սպառնալիքի ներքո ստիպում վճարել»,- գրված է զեկույցում:
ԱՄՆ Պետքարտուղարությունը զգուշացնում է իր քաղաքացիներին Ադրբեջանում հնարավորության դեպքում միայնակ չքայլել գիշերվա ժամերին, ունենալ փաստաթղթեր, շատ գումար չվերցնել դուրս գալիս, քանի որ հանցագործությունների սպառնալիքն իրականում մեծ է :
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում