Մի քանի անգամ պետք է ասենք, մի հատ էլ բամփենք. Վարչապետի խոսքը՝ ՀՀԿ խորհրդի նիստում (Տեսանյութ)
ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը փետրվարի 12-ին կայացած ՀՀԿ խորհրդի նիստին հանդես է եկել ելույթով, որում ընդգծել է ներքաղաքական պայքարում տեղ գտնող որոշ ձևակերպումների անթույլատրելիության մասին:
«Ուժեղ և պատերազմ տեսած մարդը չի կարող լինել թուլամորթ: Հակառակը, ուժեղ և պատերազմ տեսած մարդը կարող է լինել հանդուրժող և ներողամիտ: Բայց վայ այն մարդկանց, որոնք փորձում են շահագործել հանդուրժողականությունը և ներողամտությունը»,-ասել է Հ. Աբրահամյանը:
Դիմելով հանրապետության նախագահին` վարչապետն ընդգծել է, որ ՀՀԿ, որպես երկրի քաղաքական ղեկավարությունը ստանձնած ուժ, ունի մեծ անելիքներ և պարտավորություններ ժողովրդի առջև. «Մենք, իրոք, անելիք ունենք: Մարդիկ` ժողովուրդը, քաղաքացիները մեզ վստահել են, ձայներ են տվել, և մենք նրանց սոցիալական խնդիրների և տնտեսական զարգացման համար պատասխանատու ենք: Պատասխանատու ենք Լեռնային Ղարաբաղի անվտանգության համար, պատասխանատու ենք մեր երկրի անվտանգության համար: Մեր երկու հայրենիքներն ուղղակիորեն կապված են` և' տնտեսապես, և' քաղաքականապես, և' անվտանգության մասով: Հայաստանը` մայր հայրենիքը, չի կարող լինել անվտանգ` առանց Ղարաբաղի անվտանգության»:
Վարչապետ Հ. Աբրահամյանն ընդգծել է նաև, որ անձամբ մեծ անելիքներ ունի և դրանք իրագործելու է գործնականում. «Ինչ վերաբերում է այդ ոտնձգություններին, հայտարարություններին, ես, իհարկե, գտնում եմ, որ ինքս մեծ անելիքներ ունեմ և անելու եմ գործնականում` օգտագործելով նաև իմ վարչական լծակները, վարչապետի լիազորությունները, և այն մարդիկ, որոնք մեկ, երկու, երեք անգամ ասելուց հետո չեն ընկալի, ուրեմն, մի քանի անգամ պիտի ասենք և մի հատ էլ բամփենք: Ես գտնում եմ, որ մեր հայտարարությունը շատ տեղին է և համաձայն չեմ, որ ուշ է կամ ուշացած է, ուղղակի, նորից եմ ուզում կրկնել, որ հզոր, ուժեղ, պատերազմ տեսած մարդիկ են լինում ներողամիտ, հանդուրժող: Հանդուրժել ենք հանուն մեր երկրի, մեր ժողովրդի, մեր կայունության»:
Ավարտելով ելույթը` վարչապետը մատնացույց է արել ՀՀԿ-ի և մյուս քաղաքական ուժերի գործելաոճի տարբերությունը. «Որ խոսում են` մենք երեք օրում կգանք, երկիրը կկարգավորենք, տնտեսությունը կզարգացնենք, հեքիաթներ են: Ուղղակի, թյուրիմացություն է դա: Ես գտնում եմ, որ մենք մեծ անելիք ունենք: Ի տարբերություն մյուս քաղաքական ուժերի, որոնք քարոզում են ամենաբացասականը մեր երկրում, մենք ժողովրդի առջև ունենք պարտականություն, պատասխանատվություն և պետք է կատարենք մեր պատասխանատվությունը»: