Radikal. Թուրքիան պետք է ազատվի եղեռնագործների ժառանգությունից
Թուրքական ընդդիմադիր «Ռադիքալ» օրաթերթի բլոգում հրապարակված Ֆուրքան Ջայ ստորագրությամբ «Ցեղասպանությունը պատմաբաններին թողնելու սուտը» հոդվածում տեղ է գտել հետևյալ դիտարկումը:
«Ժամանակին, իսկ ավելի ստույգ` 1918-ին թուրք բանաստեղծ Մեհմեթ Էմին Յուրդաքուլն ասել էր. «Մի քանի վատ անհատների արարքների պատճառով չպետք է պատասխանատվության ենթարկվի ողջ թուրք ժողովուրդը, քանի որ նրանք նույն բաներն արել են նաև թուրքերի հանդեպ»: Իսկ մեջլիսի հայ պատգամավոր Մաթոս Նալբանդյանը, չկարողանալով այլևս դիմանալ այսօրինակ ստերին, ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ եթե թուրքերը զոհվել են մարտադաշտում` փառքի մեջ, ապա հայերը` կենդանիների հոտի պես, ստորացումների մեջ են մահացել և այս երկու վիճակների մեջ մեծ տարբերություն կա: Այդ պատճառով էլ Հայկական հարցը ոչ թե պետության անտարբերության պատճառով մի քանի մարդու մահվան դեմ բողոքն է, այլ բողոք է պետության գլխավոր դերակատարության պայմաններում 1.5 միլիոն մարդու կանխամտածված և կազմակերպված սպանության դեմ»:
Բլոգերը նշում է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի` պատմությունը պատմաբաններին թողնելու և պատմական արխիվները բացելու մասին հերթական առաջարկը, ցույց է տալիս, թե Անկարան որքան կարծրացած ու անփոփոխ քաղաքականություն է վարում Ցեղասպանության հարցում: Միևնույն ժամանակ բլոգերն արդարացիորեն նկատում է, որ ինչքան էլ թուրքական արխիվները բացվեն, միամտություն է հավատալ, թե Թուրքիայի գերագույն դատարանը որևէ մեկի համար հասանելի կդարձնի Ցեղասպանությանը վերաբերող որևէ փաստաթուղթ:
«Ցեղասպանության մասին Էրդողանի հայտարարությունները ոչ այլ ինչ են, եթե ոչ` նույն ստի ամենօրյա թարմացումներ»,- որակում է տվել հոդվածագիրը:
Նա նաև ընդգծել է, որ Դարդանելի (Չանաքքալե) ճակատամարտի 100 ամյակին նվիրված միջոցառումներն ապրիլի 24-ին նշելու և այդ տոնակատարություններին ՀՀ նախագահին հրավիրելու փաստը վկայում է այն մասին, որ արդեն Էրդողանն էլ է հավատում իր իսկ հնարած ստին:
«Մինչդեռ յուրաքանչյուր քիչ թե շատ բանիմաց մարդ գիտի, որ ապրիլի 24-ը Չանաքքալեի հետ որևէ կապ չունի: Սրա նպատակը Ցեղասպանության մեղադրանքներից խուսափելն է ` այդպիսով ևս մեկ սուտ ավելացնելով ստերի վրա կառուցված հանրապետության պատմությանը»:
Հոդվածում անդրադարձ կա նաև Հայկական սփյուռքին ուղղված Էրդողանի մեղադրանքներին: Դրանք բնութագրվել են անտեղի մեղադրանքներ, քանի որ 1.5 միլիոն անմեղ զոհերի սերունդների արդարության պահանջը միանգամայն տրամաբանական և օրինական է: Սակայն սփյուռքին կարելի է մեղադրել այլ հարցում, այն է` ինչու մինչև օրս Հայկական սփյուռքը չի կարողացել Հայոց ցեղասպանության հարցում իրազեկել թուրք ժողովրդին:
Ի վերջո, բլոգերը գալիս է եզրահանգման, որ եթե Թուրքիայի Հանրապետությունն իսկապես ցանկություն ունի լուծել Ցեղասպանության խնդիրը, ապա պետք կատարի ներքոնշյալ քայլերը.
- Թուրքիան պետք է անմիջապես ներողություն խնդրի կատարվածի համար և ստանձնի ողջ պատասխանատվությունը:
- Հայոց ցեղասպանության հետևանքով զոհվածների ու փրկվածների սերունդներին պետք է փոխհատուցում տա:
- «Լքված գույք»-ի (Emvel i metruke) վերաբերյալ օրենքի պատճառով առաջացած խնդիրների համար պետք է ներողություն խնդրի և յուրացված ունեցվածքները պետք է վերադարձվեն:
- Մարդկության դեմ կատարված հանցագործության հետևանքով տուժածներին պետք է շնորհվի քաղաքացիություն:
- Երկու կողմերի նախաձեռնությամբ պետք է բացվի Հայաստան-Թուրքիա սահմանը և վերսկսվեն դիվանագիտական հարաբերությունները:
- Թուրքիան պետք է վերանորոգի և կրկին այցելուների առաջ բացի աղոթատեղիները:
- Թուրքիան պետք է ազատվի հինավուրց հողերն արյան գետերով լցրած եղեռնագործների ժառանգությունից: Պետք է դադարի ոգևորությամբ հիշել և հիշատակել «Միություն և առաջադիմություն» երիտթուրքական կուսակցության անդամներին:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան