ԲՀԿ-ն այլևս այլընտրանք չէ՝ դրանից բխող բոլոր հետևանքներով. քաղաքագետի մեկնաբանությունները
ՀՀԿ խորհրդի նիստում Սերժ Սարգսյանի և մեկ օր անց ԲՀԿ քաղխորհրդի նիստում Գագիկ Ծառուկյանի ունեցած ելույթներից հետո Հայաստանում ստեղծվեց քաղաքական նոր իրավիճակ, որը սոցիալական ցանցերում ստացավ «պատերազմ» անունը:
Իրականում տեղի ունեցածի մեջ որևէ արտառոց բան չկա, պարզապես, վերջին շրջանում քաղաքական գործընթացների «կուլիսային» ռեժիմը հանրության մոտ այլ սպասելիքներ էր ձևավորել, և շատերը պատրաստ չէին քաղաքականության հրապարակայնացմանը: Ինչևէ: Ամեն դեպքում ֆիքսենք, որ որևէ պատերազմ չկա, ստեղծվել է նոր իրավիճակ, որը նախորդից առանձնանում է որոշակիությամբ, նախկինում եղած տաբուների վերացմամբ (հասկանալ՝ խաղի նոր կանոններով) և հրապարակայնության համեմատաբար բարձր աստիճանով:
«Նոր իրավիճակի» հանգուցալուծումը կանխատեսելու համար անհրաժեշտ է վերլուծել, մի կողմից կանոնները, մյուս կողմից՝ հիմնական դերակատարների հնարավորությունները:
ԲՀԿ-ն այլևս ընդդիմություն է
ՀՀԿ ղեկավարի ելույթը, որն իրավամբ կոշտ էր և անսպասելի, շատերի մոտ տարակուսանք էր առաջ բերել՝ «ի՞նչ է տեղի ունեցել կուլիսներում, որ նման արձագանք եղավ»: Շատերի համար այդ վարկածը հավաստի չէ, բայց կարելի է ենթադրել, որ ոչինչ էլ չի եղել, համենայնդեպս` մի այնպիսի բան, որ կարող էր կայծի էֆեկտ ունենալ: Ըստ ամենայնի՝ գործ ունենք ընդամենը որոշակի վերջնաժամկետի լրանալու հետ, որի մասին, հավանաբար, «կուլիսներում» նախօրոք էին պայմանավորվել:
Այդ պայմանավորվածության արտաքին դրսևորումն այն էր, որ մի կողմից սահմանադրական բարեփոխումների մեկնարկը տեղափոխվել էր փետրվար, իսկ մյուս կողմից՝ ԲՀԿ-ն դրանից առաջ խորհրդաժողով էր նախապատրաստել:
Ասել է թե՝ իրավիճակն անակնալ է հանրության համար, բայց հիմնական դերակատարներն այս մասին ոչ միայն գիտեին, այլ, կարծես, նախօրոք էին պատրաստվել դրան: Բնականաբար, նրանք հաշվարկել են նաև հավանական ելքերն ու կորուստները: Այլ հարց է՝ արդյոք թիմակիցները տեղեկացված էին այդ մասին, թե ոչ:
Բոլոր դեպքերում, քաղաքական ուժերի թե լիդերները, թե թիմակիցները (ըստ որում՝ ոչ միայն ՀՀԿ-ի ու ԲՀԿ-ի, այլև` մնացած բոլոր քաղաքական ուժերի) այսուհետ արդեն ստիպված են գործել նոր միջավայրում՝ միանգամայն այլ կանոններով:
Խաղի վերանայված կանոներից գլխավորը, այսպես կոչված, տաբուների վերացումն է:
Ակնհայտ է, որ տևական ժամանակ ՀՀԿ-ն և իշխանական լրատվամիջոցները խուսափում էին Գագիկ Ծառուկյանի վերաբերյալ գնահատականներ հնչեցնելուց, ավելին՝ ուղիղ բացասական շեշտադրումներն առհասարակ բացակայում էին: Սերժ Սարգսյանն իր ելույթում պնդեց, որ ինքն էր նման հանձնարարություն տվել և, ըստ էության, հայտնեց, որ թիմակիցներն այլևս ազատ են: Համաձայնեք, որ այս տաբուի վերացնումն այսուհետ մի ամբողջ ֆրոնտ է բացում ԲՀԿ-ականների համար, ինչը խիստ ռեսուսրատար է լինելու ու նաև՝ ռիսկային:
Ինչ վերաբերում է սիմետրիային, ապա ԲՀԿ-ականները նոր իրավիճակից օգուտ քաղելու քիչ հնարավորություններ կունենան, քանզի այդ կուսակցության պաշտոնական և ոչ պաշտոնական բարձրախոսները երբեք չեն կաշկանդվել իշխանություններին քննադատելուց:
Ավելին, չնայած Գագիկ Ծառուկյանի վստահեցմանը, որ իր սահմանած խաղի կանոնով չպետք է վիրավորանք հասցվեր, անցած տարիներին ԲՀԿ-ամերձ լրատվամիջոցները հիմնականում հենց դրանով էին զբաղված և նոր իրավիճակում այդ «ազատությունից» օգուտներ քաղելու նվազ հնարավորություններ կունենան:
Վերադառնալով փոփոխված կանոններին՝ պետք է նշել, որ ժանրի կանոնները նոր իրավիճակում ենթադրում են լուրջ պրեսինգ, և ԲՀԿ-ական գործիչներն առաջիկայում լուրջ փորձություն ունեն անցնելու:
«Այլընտրանք» դառնալուց հետո ԲՀԿ-ական բազմաթիվ գործիչներ շարունակում էին պահպանել կուսակցական զնաչոկն ու միաժամանակ օգտվել իշխանության ենթադրած արտոնություններից. ամենատարբեր պետական մարմիններում պաշտոնավարումից, մինչև բիզնես գործունեության որոշակի ազատություններ: Չի կարելի ասել, որ պրեսինգը կոշտ բնույթ կունենա (ամեն դեպքում՝ 21-րդ դարում ենք), բայց որ վարչական ու մի շարք այլ պրեֆերենցիաները կվերացվեն` որևէ մեկը կասկած չունի: Այսօր, երբ իշխող կուսակցությունը, փաստորեն, դադարում է ԲՀԿ-ին որպես «այլընտրանք» ընդունելուց, և նրան ճանաչում է որպես մրցակից՝ ընդդիմություն, շատ կուսակցականներ (որոնք կուսակցության մեջ էին բացառապես տանիք ունենալու նպատակով), իրենց ու իրենց ֆինանսա-տնտեսական անվտանգության խնդիրներից ելնելով, կվերանայեն իրենց գաղափարական-քաղաքական կողմնորոշումները:
Չի կարելի ասել, որ այդ իրավիճակում ԲՀԿ-ն օգուտներ չի ունենա: Ցանկացած պրեսինգ ենթադրում է հալածյալի կերպար: Այնպես որ, ճկուն գործելու դեպքում, ԲՀԿ-ն կարող է հեշտությամբ կապիտալիզացնել այդ ֆենոմենը:
Խաղի կանոններից երրորդը և ամենագլխավորը՝ քաղաքական գործընթացների բնույթի փոփոխությունն է: Ինչպես ասվեց, քաղաքականությունն այլևս հրապարակային է: Ոչ մինչև վերջ, իհարկե (ի վերջո, հանրությունը և շատ կուսակցականներ այդպես էլ չեն իմանում խորհրդի քննարկումների ընթացքը կամ Եռյակի հանդիպումների բովանդակությունը), բայց գոնե իշխանության համար բուն պայքարի հատվածն այլևս կուլիսների հետևում չէ: Ինչպես Գագիկ Ծառուկյանը նշեց` այլևս ստվերային գործարքներ չեն լինի, կլինեն հրապարակային բանավեճեր:
Ի դեպ, ԲՀԿ առաջնորդը տեղեկացրեց, որ իրեն գործարք է առաջարկվել, և ինքը գործարքի չի գնացել: Իրավիճակի մեջ մինչև վերջ պարզություն կմտնի, երբ «արտահոսք» ունենանք նաև մյուս կողմից, սակայն եթե ընդունենք, որ Գագիկ Ծառուկյանն իսկությունն է պատմում, բոլոր դեպքերում նա մինչև վերջ անկեղծ չէ. նա չի ներկայացնում գործարքն առաջարկելու ժամանակը, և ամենևին էլ հասկանալի չէ՝ դա եղել է 2013-ի նախագահական ընտրություններից առա՞ջ, թե՞ հետո, վերջին ընտրություններում իր թեկնածությունը չդնելը եղե՞լ է առաջարկված գործարքի տարր, ինքը գործարքը մերժել է ամբողջությա՞մբ, թե՞ մի մասով:
Այս հարցերի պատասխանից շատ բան է կախված. նոր իրավիճակում խաղի մասնակիցները ստիպված են հնչեցնել այս և մյուս հարցերի պատասխանները: Որովհետև քաղաքականությունն այլևս հրապարակային է, իսկ որոշողը՝ ժողովուրդը:
ԲՀԿ-ն կնեղի ոչ այնքան ՀՀԿ-ին, որքան մյուսներին
Հայտնի է, որ իշխանության համար պայքարը, այն էլ հրապարակային՝ գործող պետաիրավական ընթացակարգերի շրջանակներում, ենթադրում է լուրջ մրցակցություն, որի ելքը պայմանավորված է կողմերի տիրապետած ռեսուրսների ծավալով և դրանք տնօրինելու ունակությամբ: Այս առումով Հայաստանում ստեղծված իրավիճակի ելքը կանխատեսելու համար չափազանց կարևոր է ներգրավված կողմերի ռեսուրսների, այսպես կոչված, ինվենտարիզացիան: Վերլուծության համար դրանք պայմանականորեն կարելի է բաժանել մի քանի խմբի:
Առաջին խումբը վարչականն է: Այստեղ ակնհայտորեն ԲՀԿ-ն հայտնվել է ոչ շահեկան վիճակում: Եթե ստեղծման օրվանից մինչ օրս ԲՀԿ-ն ակտիվորեն հավաքագրում էր համակիրներ բյուրոկրատական ապարատի տարբեր օղակներում հանգրվանած չինովնիկներից, ավելին՝ սեփական կադրերին անխափան տեղավորում էր այդ նույն ապարատում, ապա այսօր, հասկանալի պատճառներով, գործընթացը ոչ միայն կանգ է առնելու, այլև նկատվելու է հակառակ միտումը: Ըստ որում, այն չինովնիկներն, ովքեր կերակրատաշտին մոտ լինելու նպատակով կկոծկեն սեփական կուսակցական պատկանելիությունը, որևէ կերպ չեն կարող առերևույթ օգտակար լինել իրենց հարազատ կուսակցությանը, քանի որ ժանրը նման դեպքերում նախատեսում է լուրջ սանկցիաներ: Մի խոսքով, ԲՀԿ-ական չինովնիկները որևէ կերպ օգտակար լինել չեն կարող և պետական-վարչական ռեսուրսի միակ տնօրինողը կմնա ՀՀԿ-ն, եթե չհաշվենք մինչև վերջ «կուլակաթափ չեղած» ՀՅԴ-ին ու ՕԵԿ-ին: ՀԱԿ-ը, «Ժառանգությունը» և մյուս ուժերը այս ռեսուրսին առհասարակ մոտ չեն:
Ռեսուրսներից կարևոր է նաև ֆինանսականը, որտեղ ԲՀԿ-ն, կարծես թե, խնդիր չունի:
Գագիկ Ծառուկյանն անձնական միջոցներից հսկայական ներդրումներ է կատարել իր քաղաքական պրոյեկտի իրագործման վրա, և կասկածից վեր է, որ այդ ներդրումները կշարունակվեն, գուցե նաև` ավելանան: Հասկանալի է, որ ՀՀԿ-ն այս առումով ամենևին էլ նեղը չէ. այստեղ «ճչացող անուններով» ինվեստորներ, իհարկե, չկան, բայց իշխանության կուսակցությունը ֆինանսական ռեսուրսների սղության խնդիր չի ունեցել ու, բնականաբար, չի էլ ունենա (անկախ հանգամանքից, թե ով է իշխանության կուսակցությունը): Ինչ վերաբերում է մյուս ուժերին, ապա դրանք ֆինանսական կարողությունների առումով չափազանց համեստ են և մրցակցությունից դուրս, ուստի կարող են բավարարվել միայն խոշորների «ֆինանսական տանիքի» տակ մտնելով:
Մերօրյա Հայաստանում, երբ սոցիալական ցանցերը դարձել են հանրային-քաղաքական կյանքի անբաժանելի մասը, էական նշանակություն են ստացել մեդիա-ռեսուրսները: Հաշվի առնելով տեխնոլոգիական առաջընթացն ու հարթակների բազամազանությունը՝ կարելի է ասել, որ բոլոր ուժերն այս առումով քիչ թե շատ հավասար կարողություններ ունեն: Հավասար՝ առաջին հերթին ասելիքը հանրությանը հասցնելու առումով: Համաձայնեք, որ այսօր Հայաստանում անհնար է տեղեկատվական բլոկադա իրականացնել: Երկրորդ՝ բոլոր խոշոր կուսակցությունները (ՀՀԿ, ԲՀԿ, ՀՅԴ, ՕԵԿ) անգամ «սեփական» հեռուստակապուղիներն ունեն, ինչն իրացվելու լայն հնարավորություններ է ստեղծում: Միակ տարբերակիչն այս առումով մնացել է կոնտենտը և դրա փաթեթավորումը (սա վերլուծության առանձին թեմա է):
Հրապարակային քաղաքականության պարագայում չափազանց կարևոր նշանակություն է ստանում թիմային ռեսուրսը, որի մեջ կարելի է միավորել կուսակցության ինտելեկտուալ, ինստիտուցիոնալ, կադրային կարողությունները:
Սա չափազանց լայն տիրույթ է, և չկա այնպիսի գործիք, որով հնարավոր լինի համեմատության մեջ դնել այս կամ այն կուսակցության կարողությունները:
Մակերեսային դիտարկումները վկայում են, որ բոլոր կուսակցություններում էլ առկա են բանիմաց, մտավոր լուրջ կարողություններով մարդիկ, ովքեր արդյունավետ կառավարման դեպքում ի վիճակի են որոշակի խնդիրներ լուծել: Տարբերությունը, հավանաբար, մասշտաբի մեջ է. եթե ՀՀԿ-ն ու ինչ-որ տեղ նաև ԲՀԿ-ն ի վիճակի են պայքարի մեջ մտնել հանրապետության ողջ տարածքում (ինչպես Արշակ Սադոյանը կասեր՝ 2000 բիլակավոր հավաքել), ապա մյուսների տիրապետած ռեսուրսը բավականացնում է միայն տեղային հարցեր լուծելուն: Ակնհայտ է, որ Եռյակի շրջանակներում այս ռեսուրսը կարող է նաև սիներգիայի էֆեկտ ապահովել, բայց հարց է՝ եռյակի լիդերները կկարողանա՞ն դա կառավարել՝ manage անել:
Թեև դա անմիջապես կուսակցություններին չի առնչվում, այնուամենայնիվ, ռեսուրսների շարքում մեծ կարևորություն ունեն հանրային սպասումները:
Օբյեկտիվորեն ցանկացած հասարակություն որոշակի համամասնությամբ բաժանված է դժգոհ և փոփոխությունների դեմ հատվածների (վերջիններս նրանք են, ովքեր, թեկուզ բավարարված չեն իրենց սոցիալական դերակատարմամբ ու կարգավիճակով, սակայն այն փոխելու ռիսկի չեն գնա):
Այս սեգմենտները մեծ հաշվով կայուն են, չնայած, ժամանակի մարտահրավերներից կախված, դրանց ծավալները կարող են փոփոխվել: Եվ ահա ցանկացած քաղաքական պայքարի առանցքային գործոններից մեկն այն է, թե որքանով մրցակցության մեջ գտնվող ուժերը կմոբիլիզացնեն հասարակության «իրենց բաժին» սեգմենտը:
Իշխանությունը մեզանում, կարծես թե, նման խնդիր չունի. անկախությունից ի վեր բոլոր ընտրությունների ընթացքն ու արդյունքները դա են ցույց տալիս: Իսկ ահա կոնտրիշխանությունը երբեմն-երբեմն ձախողել է, ինչպես դա եղավ 2007 թվականի խորհրդարանական ընտրություններում:
Այսպիսով՝ պայքարի հետագա ընթացքը պայմանավորված է այն հանգամանքով, թե որքանով ԲՀԿ-ն կկարողանա մոբիլիզացնել «բողոքող զանգվածին»:
Հարկ է նկատել, որ այդ ճանապարհին ԲՀԿ-ն ավելի շատ նեղություն է պատճառելու և մրցակցության մեջ է մտնելու ընդդիմադիր մյուս ուժերի, առաջին հերթին՝ ՀԱԿ-ի ու «Ժառանգության» հետ:
Եթե ի մի բերենք ասվածը, ապա Հայաստանի ընդդիմությունն, այսօր արդեն ԲՀԿ-ն ներառյալ, չունի ռեսուրսային այն առավելությունը, որը ռազմավարական հաջողության երաշխիք կդառնա:
Ավելին՝ կիսապատերազմական Հայաստանում քաղաքական կոնֆիգուրացիայի համար շատ հաճախ վճռորոշ է եղել ուժային ռեսուրսը: Իսկ ուժային ռեսուրսի փաստացի տնօրինողն օրվա իշխանությունն է: Դա` ըստ սահմանման, քանզի այս հարցում պետությունն ունի մոնոպոլ իրավունքներ: Իհարկե, այլ տեղերում ևս կարող են որոշակի ուժային ռեսուրսներ կուտակված լինել, և բոլորը գիտեն, որ կոնրետ Գագիկ Ծառուկյանի շրջապատում դրանք կա, բայց, երեկ կայացած Անվտանգության խորհրդի նիստի օրակարգից դատելով, կարելի է պնդել, որ պետությունը մտադիր է զբաղվել դրա չեզոքացմամբ:
Ամփոփելով՝ պետք է ասել, որ ԲՀԿ-ն՝ Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ, մտնում է մի գործընթացի մեջ, որի ելքը շատ հեշտ կարելի է գուշակել: Դա լավագույնս ձևակերպվել էր Տեր-Պետրոսյանի դեպքում, երբ նախազգուշացվել էր, որ նա կդառնա «շարքային ընդդիմադիր»: Նույնը կարելի է ասել Գագիկ Ծառուկյանի դեպքում: Ի վերջո, Ծառուկյանի անձի շուրջ ձևավորված միֆն իր էությամբ ու նշանակությամբ շատ ավելի փոքր է, քան առաջին նախագահի անձի շուրջ եղածն էր:
Քաղաքագետ Արմեն Մինասյան
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները