Ադրբեջանական մամուլը 1905-ին Բաքվում սպանված հայերին ներկայացնում է որպես «1918-ին Շամախիում սպանված ադրբեջանցիների»
Ադրբեջանական 1news.az կայքը իբր թե հայ դաշնակցականների ու բոլշևիկների ձեռքով իրականացված, հորինված «Շամախիի ցեղասպանությանը» վերաբերող նյութին կցել է մի շարք կեղծ լուսանկարներ:
Այսպես, նյութում որպես «հայկական ագրեսիայի» զոհ են ներկայացված հայերի դիեր, որոնք սպանվել են 1905-ին Բաքվում , իսկ հայկական եկեղեցու բակում նրանց հավաքել էին հուղարկավորման արարողակարգի իրականացման նպատակով: Նույն շարքին պատկանող, սակայն այլ դիտակետերից արված, հայկական կողմին պատկանող լուսանկարներում հստակ երևում է հայ քահանան: Ընդ որում, իրական իրադարձությունները, որոնց ընթացքում էլ արվել են սույն լուսանկարները, անհնար է հերքել, թեկուզ և այն բանի համար, որ լուսանկարը հրապարակվել է Le Grand Illustre ֆրանսիական պարբերականում 1905 թվականի փետրվարի 19-ի նյութում`Բաքվի հայերի ջարդերի վերաբերյալ կից նկարագրություններով, որոնք, բնականաբար, նախորդել են 1918 թվականի Շամախիի դեպքերին:
Ամենայն հավանականությամբ, 1905-ին սպանված հայերի վերոհիշյալ լուսանկարներն ադրբեջանական կողմը ձեռք է բերել ադրբեջանցի պատմաբան Սոլմազ Ռուսթամովա-Տոգիդայի «1918. Զանգվածային կոտորածն Ադրբեջանում` լուսանկարներում ու փաստաթղթերում» գրքից, որի ծանոթագրության մեջ նշվում էր, թե «գրքում լույս են ընծայված Բաքու և Շամախի քաղաքներում տասնյակ հազարավոր ադրբեջանցիների ողբերգական ճակատագիրն արտացոլող եզակի լուսանկարներ»:
Ռուսթամովա-Տոգիդայի գրքում հայերի ջարդերը պատկերող նույն լուսանկարը նշված է` որպես Բաքվում արված լուսանկար, սակայն զոհերը կրկին ներկայացված են ` որպես ադրբեջանցիներ: Լուսանկարին կից ծանոթագրությունը հաղորդում է «Հայկական վայրագություններ Բաքվում»` ընթերցողի մոտ խաբուսիկ տպավորություն ստեղծելով:
Նկատենք, որ սա ադրբեջանական կողմի`քարոզչական միտումներով կեղծ լուսանկարների կիրառման առաջին դեպքը չէ: Համանման փորձերի մի ողջ շարք է փաստագրված ու մերկացված «Xocali.net» նախագծի կայքում:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան