Դոնեցկի և Լուգանսկի իշխանությունները Կիևին բարեփոխումների իրենց փաթեթն են առաջարկել
Դոնեցկի և Լուգանսկի իշխանությունները Կիևին առաջակել են երկրի գլխավոր օրենքում նախատեսվող փոփոխությունների իրենց սեփական փաթեթը: Հաղորդում է «Russa Today»-ը:
Ուկրաինայի Սահմանադրությունում փոփոխություններ կայացնելու մասին առաջարկը ընդունվել էր փետրվարի 12-ին Մինսկում կայացած «նորմանադական քառյակի» բանակցությունների ժամանակ: Ի նկատի ունենալով սույն հանգամանքը` Դոնեցկի և Լուգանսկի իշխանությունները պատրաստակամություն են հայտնել բանակացություններ սկսել Կիևի իշխանությունների հետ:
Ըստ այդմ` ինքնահռչակ հանրապետությունների կողմից առաջարկվում է Ուկրաինայի գլխավոր օրենքում երկրի առանձին շրջաններին պատվիրակել լիազորություններ առ այն, որ վերջիններս կարողանան ինքնուրույն ձևավորել տեղական ինքնակառավարման մարմինների կառուցվածքը և սահմանել կարգավիճակը: Առաջարկների թվում է նաև ֆինանսա-բյուջետային և հարկային համակարգերի ապակենտրոնացումը` «ընդհուպ մինչև առանձին շրջաններում հատուկ տնտեսական գոտիներ ստեղծելու» տեղական լիազորություններով:
Կիևի կենտրոնական իշխանություններից իրենց ինքնուրույնությունը ապահովելու համար ինքնահռչակ հանրապետությունները նաև առաջարկում են սահմանադրորեն ամրագրել «տեղական ինքնակառավարման հատուկ կարգ», «առանձին մարզեր», «առանձին շրջաններ», «հատուկ կարգավիճակ» հասկացությունները:
Ինքնավարության լիազորությունները վերաբերվում են նաև հասարակական կարգը ապահովելու համար հատուկ ուժերի ստեղծելուն, ինչպես նաև դատական համակարգի ներկայացուցիչների նշանակումներին, ռուսաց լեզվի համար հատուկ կարգավիճակ սահմանելուն:
Հավելենք, որ «նորմանդական քառյակի» բանակցությունների արդյունքում ձեռք էր բերվել Ուկրաինայի հարավ-արևելյան շրջաններում փետրվարի 15-ի կեսգիշերից սկսած հրադադարի հաստատման մասին համաձայնություն: