Ադրբեջանը փորձում է հաճոյանալ Թուրքիային՝ Հայաստանի դեմ «Եվրատեսիլ 2015»-ում սադրանքներ հրահրելով
Այս տարի «Եվրատեսիլ» միջազգային երաժշտական մրցույթում Հայաստանը կներկայացնի «Genealogy» խումբը՝ կազմված աշխարհի 5 մայրցամաքներում ապրող հայ երգիչներից և Հայաստանից ևս մեկ մասնակցից «Don’t deny» («Մի՛ ժխտիր») երգով, որը նվիրված է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին: Մի քանի երկրներ, այդ թվում՝ Թուրքիան, տարբեր պատճառերով հրաժարվել են մասնակցել այդ մրցույթին: Այնուհանդերձ, Ադրբեջանի Հանրային հեռուստատեսությունը և Պետական հեռուստառադիոընկերությունն (ITV) արդեն իսկ հասցրել են իրենց դժգոհությունն արտահայտել հայկական կողմի երգի վերաբերյալ՝ մեղադրելով Հայաստանին մրցույթը «քաղաքականացնելու» համար և սպառնալով, թե կձեռնարկեն «համապատասխան միջոցներ»: Այս մասին գրում է «Մոդեռն.ազ» ադրբեջանական կայքը:
Թեմային է անդրադարձել նաև երաժշտական մրցույթի Wiwibloggs.com բլոգը՝ ընդգծելով, որ հայկական երգի առնչությամբ ամենաբարձր քննադատությունը հնչում է «վերջինիս տարածաշրջանային հակառակորդի՝ Ադրբեջանի» կողմից:
«Ադրբեջանը, բնականաբար, քույր երկիր է Թուրքիայի համար, որը կտրականապես ժխտում է 1915 թվականի ապրիլի Հայոց ցեղասպանությունը: Պատմաբանները գտնում են, որ այդ դեպքերը հանգեցրել են առնվազն մեկ միլիոն մարդկանց ոչնչացման: Մարդու իրավունքների եվրոպական դատարանը ներկայումս քնարկում է՝ կարող է արդյոք կառավարությունը քրեական պատասխանատվության ենթարկել այդ իրադարձությունները ժխտելու համար»,- ասվում է նյութում:
Բացի այդ, «Եվրատեսիլ» երգի մրցույթի կազմակերպչական հարցերի ղեկավար Սիթսե Բաքերը ադրբեջանական «Report» լրատվական գործակալությանը հայտնել է, թե պետք է սպասել երգի վերջնական տարբերակի հրապարակայնացմանը, որից հետո իրենք կկարողանան գնահատել դրա՝ կանոններին համապատասխան լինելը:
Նշենք, որ «Եվրատեսիլ 2015» մրցույթի կիսաեզրափակիչները կայանալու են մայիսի 19-ին և 21-ին, իսկ եզրափակիչը՝ մայիսի 23-ին: Հայաստանը ելույթ կունենա առաջին կիսաեզրափակչում:
Հարկ է նշել, որ արդեն իսկ 2009 -ին Ադրբեջանի հասցեին հնչել են մեղադրանքներ «Եվրատեսիլ»-ը սեփական քաղաքական նպատակներով օգտագործելու համար: Այսպես, ВВС-ի պատրաստած տեսանյութի համաձայն՝ Ադրբեջանը երաժշտական մրցույթում Հայաստանի դուետի ելույթի ժամանակ ժամանակավոր կասեցրել էր մրցույթի հեռարձակումը: «Ադրբեջանի իշխող կլանը, նախագահը և Հանրապետության կառավարությունը իրենց քարոզչությունն են կազմակերպում «Եվրատեսիլ» երաժշտական մրցույթի ժամանակ: Դա անարդարացի է»,- այդ ժամանակ տրված հարցազրույցում հայտարարել է «Ազատություն ռադիոկայանի» լրագրող Խադիջա Իսմայիլովան:
Հավելենք նաև, որ «Եվրատեսիլ 2013»-ին Ադրբեջանից ստացված ձայների հաշվարկման ժամանակ վեճ էր բռնվել: Այսպես, Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարել էր, թե իբր ադրբեջանցիների ձայները Ռուսատանի ներկայացուցիչ Դինա Գարիպովայի համար չեն հաշվարկվել: «Եվրատեսիլ 2013»-ի անցկացման ժամանակ վեճ էր առաջացել նաև Ադրբեջանի օգտին գնված ձայների պատճառով: Լիտվական «15min.lt» պորտալը լրագրողական հետաքննություն էր իրականացրել, որի արդյունքում պարզվել է, որ մրցույթի օրը մի խումբ մարդիկ Լիտվայում և այլ երկրներում զանգվածային կերպով «գնել» են հեռուստադիտողների ձայներն Ադրբեջանի օգտին: Եվրոպական հեռարձակողների խորհուրդը (EBU) հետաքրքրվել էր այդ տեղեկատվությամբ: Որոշ ժամանակ անց EBU-ն անցել էր մասշտաբային հետաքննության իրականացմանը՝ «Եվրատեսիլ»-ում Ադրբեջանի կողմից կաշառակերության հնարավոր փաստերի վերհանման նպատակով:
Հայտնի է, որ 1915 թվականին Օսմանյան կայսրությունում իրականացված Հայոց ցեղասպանության փաստը ճանաչել են շատ պետություններ: Առաջինը եղել է Ուրուգվայը` 1965 թվականին, որի օրինակին հետևել են Ռուսաստանը (1995 թ.), Ֆրանսիան (2001 թ.), Իտալիան (2000 թ.), Գերմանիան (2005 թ.), Հոլանդիան (2004 թ.), Բելգիան (1998 թ.), Լեհաստանը (2005 թ.), Լիտվան (2005 թ.), Սլովակիան (2004 թ.), Շվեդիան (2010 թ.), Շվեյցարիան (2003 թ.), Հունաստանը (1996 թ.), Կիպրոսը (1982 թ.), Լիբանանը (1997 թ.), Կանադան (1996 թ.), Վենեսուելան(2005 թ.), Արգենտինան (1993 թ.), Չիլին (2007 թ.), Վատիկանը (2000 թ.): Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչել և դատապարտել են, ինչպես նաև ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր են ճանչել ԱՄՆ-ի 50 նահանգներից 42-ը:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին