Ռուս փորձագետ. ԵԱՀԿ ՄԽ հայտարարությունը համապատասխանում է իրականությանը
ԵԱՀԿ ՄԽ համանախագահների վերջին հայտարարությունը, մասնավորապես, իրավիճակի ապակայունացման վերաբերյալ պաշտոնական Բաքվին հասցեագրված անուղղակի մեղադրանքները լիովին համապատասխանում են իրականությանը:
«Ռեգիոն» հետազոտական կենտրոնի կազմակերպած առցանց հարցազրույցի ժամանակ նման տեսակետ է հայտնել ԱՊՀ երկրների ինստիտուտի բաժնի վարիչ, ռուսաստանյան հասարակական-քաղաքական հետազոտությունների կենտրոնի տնօրեն Վլադիմիր Եվսեևը:
«Դա լիովին համապատասխանում է իրականությանը: Սակայն սխալ կլիներ դրա մեջ տեսնել ԵԱՀԿ օբյեկտիվությունը: Ամերիկացիները, ամենայն հավանականությամբ, որոշել են Բաքվի վրա հավելյալ ճնշում գործադրել: Ֆրանիացիները, հետևելով եվրաատլանտյան համերաշխությանը, աջակցել են նրանց: Եվ միայն Ռուսաստանն է այս դեպքում հանդես գալիս հիմնախնդրի շուրջ ստեղծված փաստացի իրողություններից»,- նշել է Վլադիմիր Եվսեևը:
Բանախոսի խոսքերով, Ռուսաստանը պարտավորվել է պաշտպանել Հայաստանն արտաքին վտանգից:
«Եթե ադրբեջանական կողմը սկսի սահմանակից հայկական տարածքների գնդակոծությունը, ապա Մոսկվան կունենա հիմնախնդրին միջամտելու բոլոր հիմքերը: Սակայն գործնականում դա տեղի կունենա միայն այն ժամանակ, եթե սահմանային միջադեպերը վերածվեն ռազմական ընդհարման: Կարծում են Ադրբեջանում ձգտում են արագացնել հիմնախնդրի հանգուցալուծման գործընթացը, այդ իսկ պատճառով էսկալացիայի հավանականությունը բավական մեծ է»,-շեշտել Վ. Եվսեևը:
Միևնույն ժամանակ փորձագետը վստահ է, որ Բաքուն պատերազմական գործողությունները վերսկսելու «թույլատվություն» չի ստանա:
Անդրադառնալով ԼՂ հիմնախնդրի կարգավորման գործընթացի վրա Ռուսաստան-Արևմուտք հակամարտության հնարավոր ազդեցությանը` Վ. Եվսեևը շեշտել է, որ առանց այն էլ Մինսկի խմբի ներսում միասնություն չկար:
«Այս պահին հինախնդրի հանգուցալուծման որևէ հեռանկար չկա և միակ ճիշտ որոշումը ստատուս-քվոյի պահպանումն է: Սակայն Ադրբեջանի ղեկավարությունը համաձայն չէ դրա հետ և գնում է իրավիճակի սրացման: Ռուս-արևմտյան հակասությունները այս ամենի վրա ունեն քիչ ազդեցություն այն պատճառով, որ առանց այն էլ Մինսկի խմբի ներսում միասնություն չկար: Համանախագահներից յուրաքանչյուրն ինքնուրույն է աշխատում: Իհարկե, եթե ԵԱՀԿ-ն կարողանա կարգավորել Ուկրաինայում տեղի ունեցած հակամարտությունը, ապա նաև կազդի Ղարաբաղյանի խնդրի լուծման վրա: Սակայն Մինսկի խումբը անկախ կառույց չէ: Ուկրաինական ճգնաժամի լուծման պարագայում ուշադրություն է դարձնում միայն այն բանի վրա, թե ինչ է պետք ԱՄՆ-ին, և որոշ չափով Գերմանիային»,- ասել է Վ. Եվսեևը: