Հրաչյա Հարությունյանի դուստրը հերքում է հոր ազատ արձակվելու լուրերը
Ռուսաստանի Պոդոլսկի շրջանում 2013-ին «Կամազ» մակնիշի բեռնատարով վթարի գործով 6 տարի 9 ամիս ազատազրկման դատապարտված Հրաչյա Հարությունյանը ազատ չի արձակվել: Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում հայտարարել է Հարությունյանի դուստրը՝ Լիլիթ Հարությունյանը՝ հերքելով տարածված լուրերն այն մասին, թե Հարությունյանն ազատ է արձակվել:
«Բոլորին ուզում եմ տեղյակ պահել, որ ինչ-որ հիմա լուրեր է տարածում, թե Հրաչյան ազատ է արձակվել: Փաստում եմ՝ այդ լուրերն իրականությանը չեն համապատասխանում: Երբ նման բան լինի, առաջինը ես կտեղեկացնեմ բոլորին այդ մասին», -գրել է Լիլիթ Հարությունյանը:
Հիշեցնենք, որ Հ. Հարությունյանը, ով իր «Կամազ» մակնիշի մեքենայով նախորդ տարվա հուլիսի 13-ին ՌԴ Պոդոլսկի շրջանի մերձակայքում բախվել էր մարդատար ավտոբուսին, ինչի հետևանքով զոհվել էր 18 մարդ, դատապարտվել է 6 տարի ու 9 ամիս ազատազրկման: Դատավճիռը Մոսկվայի Տրոիցկի դատարանը կայացրել է օգոստոսի 4-ին: Դատավճռի համաձայն, Հրաչյա Հարությունյանը մեղավոր է ճանաչվել երկու հոդվածներով, այն է` ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն առաջացրել է ծանր հետևանքներ և կեղծ փաստաթղթի օգտագործումը:
Հրաչյա Հարությունյանի փաստաբանների վերաքննիչ բողոքը մերժվել է: