Արծրուն Հովհաննիսյան. Գործ ունենք նեղված դիրքորոշման հետ
Գործ ունենք այդ մարդկանց անձնական նեղվածությունից ելնող սխալ դիրքորոշումների հետ: Panorama.am-ի հետ զրույցում այսպես արձագանքեց ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն՝ անդրադառնալով մամուլում շրջանառվող այն տեղեկություններին, թե բարձրաստիճան սպաները Ռազմական ինստիտուտում կուրսանտ Հայկազ Բարսեղյանի սպանության համար ամենամեծ մեղավոր են համարում նախարարին, քանի որ մեկ տարի առաջ նա ինստիտուտից վերացրել է համապատասխան տեղակալի հաստիքը:
Մեզ հետ զրույցում Արծրուն Հովհաննիսյանը նյութի հետ կապված երկու հիմնախնդիր առանձնացրեց. «Մի կողմից` հրապարակման մեջ չճշտված, էմոցիոնալ, անձնական հարթության վրա գտնվող մեկնաբանությունն է, մյուս կողմից` նրանք հավանաբար օգտագործել են մեր իմացած մարդկանցից ինչ-որ մեկի դիրքորոշումը»:
Ըստ Հովհաննիսյանի` իրենք գիտեն, թե ում են փորձում հղում անել:
«Ըստ էության` այս դեպքով պատժված սպաներից մեկն է: Սակայն այստեղ կա խորքային հակասություն: Խնդիրը նրանում է, որ նախ և առաջ, ովքեր փորձում են մեղադրանքներն ուղղել նախարարին և իրենց պաշտոնանկությունը չեն ընդունում, թող հիշեն, որ դեպքով, այդ թվում` նաև տեղակալներից, ովքեր հեռացվել են, ինչպես էին իրենց պարտականությունների մասին խոսում նախարարի հետ` գրեթե չտիրապետելով իրենց պարտականություններին, նախարարի հարցերին չպատասխանելով, չհասկանալով, թե ինչի մասին է խոսքը»,- նշեց Ա.Հովհաննիսյանը:
Նա հաստատեց, որ տեղակալի հաստիքը վերացվել է, բայց այդ գործունեությունը իրականացնող մի ամբողջ բաժին է եղել և այսօր էլ կա:
«Մեխակ Հակոբյանը (Panorama.am – Ռազմական ինստիտուտի պետի նախկին տեղակալ, ում հաստիքը նախորդ տարի կրճատվել է) հեռացվել է մոտ մեկ տարի առաջ, բայց 2013 թ-ի սպանության ժամանակ ինքը կար, ինչո՞ւ այդ սպանությունը տեղի ունեցավ ինստիտուտում: Այսինքն` մենք գործ ունենք այդ մարդկանց անձնական նեղվածությունից ելնող սխալ դիրքորոշումների հետ»,- ասաց Ա.Հովհաննիսյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան